211652_close_icon
views-count80429 դիտում article-date 14:48 25-08-2018

Հրազդանում հաղթանակած բանակի պաշտպանության նախարարն ու ժողովրդի կողմից սիրելի «Կամանդիրը» բացեցին Հայրենական մեծ, Արցախյան և Ապրիլյան պատերազմներում զոհվածների հուշարձանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հրազդան քաղաքում վերաբացվեց Հայրենական մեծ, Արցախյան և Ապրիլյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշարձանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է։ Այս տղաները զոհվել են հանուն կյանքի, և ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է ծանրանում։ Մենք այսպիսի բարձր հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ այս հուշարձաններին նայելիս վերագտնենք մեր ամոթն ու խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն։ Այս մարդիկ զոհվել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի։ Մենք մեր ուսերին ամեն զոհվածի հետ պատասխանատվություն ենք վերցրել, և որևէ կասկած չկա, որ այդ պատասխանատվությունը ամեն օր մեր կյանքի առաջ է, որովհետև այս հուշարձանները ոչ միայն մեր աչքի առաջ են, այլև մեր հոգու ու սրտերի մեջ են։ Մենք ամեն օր պետք է կանգնենք այս հուշարձանների առաջ ու պատասխան տանք մեր արածների ու չարածների համար»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հուշարձանը բացեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր, ժողովրդի կողմից «Կամանդիր» անունը ստացած՝ Սասուն Միքայելյանը, որից հետո կենդանի համերգով, երգուպարով հանդես եկան երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, Արցախյան, Ապրիլյան պատերազմների մասնակիցներ: Ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հուշահամալիրի տարածքը ընդլայնվելու է և այն դառնալու է քաղաքային պանթեոն, որտեղ տեղադրվելու են նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի, Հայաստանի և Արցախի հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիները: Հուշահամալիրի վերակառուցման աշխատանքները սկսկել են 2 տարի առաջ: Հրազդանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր Վանատուր թաղամասում մեր երկրի համար որպես լեգենդ, «Կամանդիր», «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի շնորհիվ մեզ մոտ էլ վեր խոյացավ սրբության սրբոց այս վայրը: Մենք հպարտ ենք մեր հերոսներով ու գիտենք, որ եթե թշնամին նորից փորձի ոտնձգություն անել մեր երկրի ու մեր սահմանների նկատմամբ, արժանի հակահարված կստանա, ինչը ստացել է այս պատերազմների ընթացքում, սակայն մենք ուզում ենք, ինչպես Մեծն Շիրազն է ասել՝ Մեր լեռների պես խաղաղ ապրենք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 550+
550+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր