211652_close_icon
views-count40203 դիտում article-date 18:48 20-08-2018

Վալերիյ Օսիպյանի հրամաններով պրոֆեսիոնալ ոստիկանը իր դիմումի համաձայն ուղարկվել է թոշակի, մեկ այլ պրոֆեսիոնալ էլ նշանակվել է 6-րդ գլխավոր վարչության պետ

Սյսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից։ Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Այվազյանը նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Կարապետյանն ազատվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանութան քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Ս. Ասատրյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, համարվում էր իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ, համակարգում նրան ճանաչում էին որպես հմուտ ոստիկան, ով բազմաթիվ աղմկահարույց, մեծ հնչեղություն ստացած հանցագործություններ է բացահայտել և թոշակի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն է ազատվել ոստիկանությունից։ Ոստիկանական համակարգում մեծ հեղինակություն ունի նաև 6-րդ գլխավոր վարչության պետ նշանակված Ա. Այվազյանը, ով ոչ միայն համարվում է բարձրակարգ մասնագիտական հմտություններով հարուստ ոստիկան, այլ նաև պրոֆեսիոնալ քննիչ է եղել։ Ա. Այվազյանն էլ Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում ստացավ այն բանի համար, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում կարողացավ բանակցությունների արդյունքում փրկել հոր կողմից պատանդ վերցված երեխայի կյանքը։

Նմանատիպ նյութեր