211652_close_icon
views-count1752 դիտում article-date 16:14 20-08-2018

Նախորդ շաբաթ «911» ծառայությունը ստացել է մոտ 24 հազար զանգ. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Օգոստոսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23846 զանգ, գրանցվել է 273 հրդեհ, որից 201-ը՝ բուսածածկ տարածքներում, այրվել է 1060 հա տարածք: Գնդապետ Նահապետյանն անդրադարձավ նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի և համակարգում հաշվառված տրանսպորտային միջոցների վիճակին, մարտական պատրաստության դասընթացներին: Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Ս. Հովսեփյանը զեկուցեց ջրամբարների լցվածության, առաջիկայում սպասվող եղանակի և վերջին օրերին գրանցված տեղումների հետևանքների մասին: Օգոստոսի 20-ին հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, օգոստոսի 21-ից կնկատվի ջերմաստիճանի բարձրացում՝ 5-6 աստիճանով, իսկ օգոստոսի 23-25-ը՝ կդիտվի առանց տեղումների եղանակ: Ծառայության տնօրենը նշեց նաև, որ օգոստոսի 17-ին և 18-ի գիշերը գրանցվել են կարկտահարության դեպքեր հիմնականում չպաշտպանվող տարածքներում՝ Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզերի առանձին հատվածներում: Այդ օրերին հակակարկտային գազագեներատորային և հրթիռային կայաններից ներգործության է ենթարկվել կարկտաբեր 10 ամպ: Օգոստոսի 19-ին կրկին ներգործության է ենթարկվել 10 ամպ, արձակվել է 33180 կրակոց: Նույն օրը կարկտահարության դեպք է գրանցվել նաև Կոտայքի մարզի չպաշտպանվող տարածքում: ՀՀ ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը զեկուցեց օգոստոսի 6-16-ը համակարգի աշխատողների երեխաների հանգստի կազմակերպաման մասին՝ նշելով, որ այս տարվա ամառային ճամբարի ընթացքում 120 երեխայի հնարավորություն է ընձեռվել հանգիստն անցկացնել Լոռու մարզում: Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, առաջիկայում սպասվող միջոցառումների պատշաճ կազմակերպմանը և կառուցվածքային փոփոխություններին: Նախարարը նշեց, որ սպասվող փոփոխությունները պետք է դիտարկել որպես նոր հարթակ, նոր ծրագրերի իրագործման մեկնարկ:

Նմանատիպ նյութեր