211652_close_icon
views-count6640 դիտում article-date 22:26 19-08-2018

Հովհաննես Հովհաննիսյան. Մտահոգիչ խնդիր է տնօրենի պաշտոնի «ժառանգականությունը». ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին երեք օրերի ընթացքում այցելեցի Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի (Մասիս, Արարատ, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Մարտունի և Գավառ համայնքների) 14 քոլեջներ և ուսումնարաններ՝ առավել մանրամասն ծանոթանալու խնդիրներին, տեղեկանալու առկա իրավիճակին և զարգացման միտումներին: Վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել այս ոլորտում ԵՄ, Վորլդ Վիժն, Սեյվ դը Չիլդրն, Անուշավան Աբրահամյան և մի շարք այլ հիմնադրամների ու անհատների կողմից: Այդ աշխատանքները հիմա էլ շարունակվում են: Որոշ ուսումնական հաստատությունների գույքային, լաբորատոր պայմաններն ուղղակի հիացնող էին, որոշները՝ խիստ անմխիթար վիճակում: Ոչ բարվոք վիճակով հատկապես աչքի էին ընկնում բժշկական քոլեջները: Որոշակի առավելություն ունեին գյուղատնտեսական քոլեջները, բայց դրանք էլ ունեին իրենց այլ խնդիրները: Օրինակ, անասնաբուժություն մասնագիտությունն այլևս գրավիչ չէ ուսանողների համար, ինչն ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ: Մեծ է հետաքրքրությունը համակարգչային գործի նկատմամբ, բայց այստեղ էլ մասնագետների խնդիր կա, քանի որ ցածր աշխատավարձը գրավիչ չէ բարձրորակ և նույնիսկ միջին որակավորում ունեցող մասնագետների համար: Այստեղ, միգուցե արժե մտածել հեռավար կրթության զարգացման մասին: Բավական մտահոգիչ էր այն հանգամանքը, որ որոշ տնօրեններ տարիներ շարունակ չեն փորձել բարելավել ուսումնական հաստատության պայմանները, այլ բավարարվել են միայն պետական բյուջեի աջակցությամբ: Որոշ տնօրեններ, հակառակը, նախաձեռնող էին և արդյունավետ ծրագրեր էին իրականացնում: Ակնհայտ էր, որ շատ բան է կախված անձնային գործոնից. քոլեջների ղեկավարների անձնային հատկանիշներից: Մեկ այլ մտահոգիչ խնդիր է տնօրենի պաշտոնի «ժառանգականությունը», ինչը թույլ չի տվել այլ, ավելի ակտիվ ու նորարար մարդկանց՝ մասնակցելու մրցույթներին: Այստեղ էլ կարևոր է կառավարման խորհուրդների՝ նոր ձևաչափով կազմավորման խնդրի քննարկումը: Քոլեջներն ու ուսումնարանները հետայսու պետք է մշակեն զարգացման հստակ ռազմավարություններ և չափելի վերջնարդյունքներով ծրագրեր, հաշվետու լինեն ձեռքբերումների հարցում: Իսկ PR (հանրային կապերի) ռազմավարությունների մշակումը թույլ կտա ուժեղացնել համայնքի և պոտենցիալ շահառուների հետ կապը, ապահովել սովորողների թվաքանակի աճը: Քոլեջներն ունեն նաև կարողությունների զարգացման կարիք, ինչի վրա հրավիրում եմ տարբեր կազմակերպությունների ուշադրությունը: ՄԿՈՒ ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կտեղեկացնենք նոր մոտեցումների ու ծրագրերի մասին», նշել է փոխնախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր