211652_close_icon
views-count2370 դիտում article-date 18:56 14-08-2018

Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով. Դեյվիդ Բոհիգյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։ Տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, Բիզնես Արմենիայի ներկայացուցիչներ։ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները չափազանց բարձր ընթացքի մեջ են։ Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը մի նոր մակարդակի կբարձրացնի այդ հարաբերությունները, և դրա լավագույն ցուցիչներից մեկը՝ քաղաքականից զատ, տնտեսական հարաբերություններն են», - ողջունելով հյուրերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նշել է նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա ներկայացրել է տնտեսության ոլորտում երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հատկանշել ներդրումային միջավայրի արդյունավետության համար կարևորագույն երկու օրինագծերի ընդունումը պետություն-մասնավոր հատված գործակցության և օտարերկրյա ներդրումների պաշտպանության բնագավառներում։ Միաժամանակ, նախարարը կարևորել է տնտեսական հարցերով իրավապաշտպանի ինստիտուտի անհրաժեշտությունը։ «Կա վճռականություն, և մոտ ապագայում իրականացվող օրենսդրական բարեփոխումները դրականորեն կանդրադառնան Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանը»,- նշել է նախարարը։ Դեյվիդ Բոհիգյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար․ «Ինձ համար պատիվ է ԱՄՆ կառավարության անունից այցելել Հայաստան՝ հանդիպելու նոր ղեկավարությանը, ամրապնդելու մեր հարաբերությունները և բացահայտելու ամերիկյան ներդրումների ավելացման հնարավորությունները: OPIC-ը ձգտում է օգնել առավել կայուն ու անկախ Հայաստանի կայացմանն այնպիսի ծրագրերի միջոցով, որոնցում ապահովված են կուռ ստանդարտներ և որոնք թափանցիկության միջոցով կանխում են կոռուպցիան: Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների ձևավորմանն ու այն առանցքային ոլորտներին, որոնք ունեն տնտեսական աճ, աշխատատեղեր ու մարդկանց համար տևական օգուտներ ապահովելու հեռանկար», - ասել է OPIC-ի գործադիր փոխնախագահը և ներկայացրել կորպորացիայի՝ որպես ԱՄՆ պետական մարմնի գործառույթները։ Ներկայում Հայաստանում կառույցն իրականացնում է 6 ծրագիր։ OPIC-ը ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների իրականացումն է ապահովում համաֆինանսավորման, քաղաքական և այլ ռիսկերի ապահովագրման և վարկավորման միջոցով։ Հանդիպմանը խոսվել է փոքր և միջին բիզնեսի զարգացման, կապիտալի շուկայի կայացման, ներդրումների խթանման, կարողությունների զարգացման և մի շարք այլ հարցերի մասին։ Նախարար Մինասյանը տեղեկացրել է վարչապետի հանձնարարությամբ, արտգործանախարարության հետ համատեղ, առևտրային ներկայացուցիչների ինստիտուտը ուժեղացնելու աշխատանքների մասին։ Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության պատրաստակամության մասին։

Նմանատիպ նյութեր