211652_close_icon
views-count8335 դիտում article-date 19:19 13-08-2018

Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց։ Տեղեկացնում է Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Մեկնարկած միջոցառումների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը օգոստոսի 20-ին, ժամը 17-ին հանդիպման է հրավիրում բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման վերաբերյալ հարցեր։ Հայաստանում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը աստիճանաբար կրճատելու ծրագրի պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը։ Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը, որին մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմինե Թուխիկյանը, «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը, ինչպես նաև Թալին համայքի ավագանու անդամներ, ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։ Ներկաներին տեղեկացվել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է մեկ համայնքից, այնուհետև փորձը կկիրառվի մեկ մարզում, իսկ հետո Հանրապետության ամբողջ տարածքում։

Նմանատիպ նյութեր