211652_close_icon
views-count69649 դիտում article-date 20:04 12-08-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «կարկուտը ծեծած տեղն է ծեծում». սոցիալապես անապահով բազմանդամ ընտանիքի օրվա ապրուստի միջոցը կրակի է մատնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար-ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգինա գյուղի տներից մեկի բակում մեծ քանակի խոտի դեզ է վառվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի դեպի տների կողմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Գարուշ Հարությունյանի գլխավորությամբ: Հրշեջները գյուղացիների հետ կարողացել են կանխել կրակի տարածումը, սակայն արդեն մի քանի ժամ է, պայքարում են կրակը մարելու համար: Հրշեջները մի քանի անգամ են գնացել ջրի ետևից, քանի որ հրշեջ-ավտոմեքենայում եղած ջուրը օգտագործվում էր կրակի դեմ պայքարում: Ամբողջովին մոխրի է վերածվել նշված գյուղի Մաշտոցի փողոցի 8-րդ տան բնակիչներ, ամուսիններ Ռշտունի և Սաթենիկ Պետրոսյաններին պատկանող մոտ 1000 հակ խոտը: Հրդեհի արդյունքում Պետրոսյանները նաև մեծ թվով հավի և ճտերի կորուստ են ունեցել: Միայն հարևանների օգնության շնորհիվ էր, որ նրանց խոզերը ու գոճիները փրկվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով, 11 շունչ են բնակվում տանը, և իրենց օրվա հացը վաստակում են հողատնտեսությամբ ու անասնապահությամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Գյուղում խնդիր է նաև ջուրը, ու եթե ջրի խնդիր չլիներ, հարևաններն իրենք իրենց ուժերով կրակը կմարեին: Ոռոգման ջրից միայն խողովակներն են, այն էլ՝ որպես հուշ: Եվ եթե ժամանակին ջրի հարցը գյուղում լուծվեր, ապա կրակը ավելի շուտ մեր ուժերով կմարեինք ու հրշեջների կարիք չէր լինի, մինչդեռ ջրի խնդրով բազմիցս դիմել ենք գյուղապետ Ռոստամ Արոյանին ու Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, սակայն ամեն անգամ ստացել ենք նույն պատասխանը. առաջիկայում այդ խնդիրը կլուծվի, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել, ու հայտնվել ենք «էշ մի սատկիր, գարուն յգա, յոնջեն կբուսնի» վիճակում»: Տուժած ամուսինների հարևանները խնդրանքով դիմում են Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին՝ հուսալով, որ նա օգնության ձեռք կմեկնի սոցիալապես անապահով վիճակում գտնվող այս ընտանիքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր