211652_close_icon
views-count9494 դիտում article-date 10:02 12-08-2018

Մենք կսկսենք նոր բարեկամներ ու դաշնակիցներ փնտրել․ Էրդողանի հայացքը ԱՄՆ-Թուրքիա ճգնաժամին․ New York Times

Ամերիկյան հեղինակավոր New York Times հանդես հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի [url=https://www.nytimes.com/2018/08/10/opinion/turkey-erdogan-trump-crisis-sanctions.html?action=click&pgtype=Homepage&clickSource=story-heading&module=opinion-c-col-left-region®ion=opinion-c-col-left-region&WT.nav=opinion-c-col-left-region]հոդվածը[/url], որտեղ նա անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությանը: «Թուրքիայի հայացքը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամին» վերնագրով հոդվածում Էրդողանը համոզմունք է հայտնել, որ ամերիկյան իշխանությունների՝ Թուրքիայի դեմ ուղղված միակողմանի քայլերը վնասում են հենց ԱՄՆ-ի շահերին և անվտանգությանը: Ընդգծելով, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները արդեն 60 տարի է ռազմավարական դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ նախագահ Էրդողանը զգուշացրել է. ֊ «Քանի դեռ շատ ուշ չէ, Վաշինգտոնը պետք է հրաժարվի իր սխալ համոզմունքից, թե մեր հարաբերությունները կարող են անհամաչափ լինել ու հաշտվի այն մտքի հետ, որ Թուրքիան այլընտրանք ունի»: Թուրքիայի նախագահը իր հոդվածում նաև հիշատակել է 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու՝ Անկարայի շարունակական պահանջները: «Թուրքական ժողովրդավարությանը սատարելու փոխարեն, Վաշինգտոնը Թուրքիայում կայունության ու խաղաղության պահպանման զգուշավոր կոչեր արեց: Դա էլ հերիք չէր, ԱՄՆ-ը մերժեց երկկողմ համաձայնագրի հիման վրա Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պահանջը», - գրել է Էրդողանը: Նա անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամի պատճառ դարձած ամերիկացի բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնի խնդրին՝ նշելով, որ նա կալանավորվել է ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով: «Դոնալդ Թրամփի հետ հանդիպումների և զրույցների ժամանակ քանիցս կոչ եմ արել հարգել իրավական գործընթացը: Փոխարենը, ԱՄՆ֊ը սպառնալիքներ հնչեցրեց բարեկամ ժողովրդի հասցեին ու պատժամիջոցներ սահմանեց թուրք նախարարների նկատմամբ: Այս անընդունելի և անտրամաբանական որոշումը վնասում է մեր բազմամյա բարեկամությանը: Ի պատասխան Թուրքիային ուղղված սպառնալիքներին՝ որոշել ենք պատժամիջոցներ սահմանել մի քանի ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ: Անկարան առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ թուրքական կառավարության միջամտությունը իրավական գործընթացին հակասում է Թուրքիայի սահմանադրությանն ու ժողովրդավարական արժեքներին»,-պնդել է Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահն իր հոդվածն ավարտել է հետևյալ ուղերձով. ֊ «Եթե Վաշինգտոնը չդադարի Թուրքիայի նկատմամբ միակողմանի և անհարգալից մոտեցում դրսևորել, ապա մենք կսկսենք նոր բարեկամներ ու դաշնակիցներ փնտրել»:

Նմանատիպ նյութեր