211652_close_icon
views-count5161 դիտում article-date 23:09 11-08-2018

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարական տվեց

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Արցախի» հետ հանդիպումից հետո հրաժարական է տվել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտնել: «Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումը էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել և դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար՝ որպես մարզչի: Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված՝ չեմպիոն դառնալու խնդիրը: Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս թիմի խաղում անկում կա: Կարծում եմ, որ լինում են պահեր, երբ պետք է հանուն թիմի նման որոշում կայացնել: Այսպիսին է մարզչի կյանքը, պետք է ընդունել դա և շարժվել առաջ: Հուսով եմ, որ իմ այս որոշման արդյունքում թիմը կփոխվի դեպի դրականը և ֆուտբոլիստները նոր, թարմ հայացքով կմոտենան խաղերին: Շնորհակալություն եմ հայտնում «Բանանցի» ղեկավարությանը այս ընթացքում ինձ վստահելու համար, ֆուտբոլիստներին ու ողջ անձնակազմին շնորհակալություն եմ հայտում համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ հետագա հաջողություններ»,- ասել է Արամ Ոսկանյանը: Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբից հեռանալու որոշում է կայացրել նաև նրա օգնական Մանուկ Սարգսյանը: «Բանանցը» շնորհակալություն է հայտնել մարզչին. ««Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին ակումբում կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում իր հետագա մարզչական կարիերայում»,- գրված է ակումբի կայքում:

Նմանատիպ նյութեր