211652_close_icon
views-count6598 դիտում article-date 21:35 11-08-2018

Լույս է տեսել Հարություն Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքը

«Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել Հարություն Հովնաթանի «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքը: Գրքի խմբագիրներն են Տիգրան Նիկողոսյանն ու բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը: Զրույցների, վկայությունների ու մեկնությունների ժողովածուում ամփոփված են բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի դափնեկիր Հարություն Հովնաթանի զրույցները «հավերժի երթի» ելած մեծանուն գրողի հետ, ինչպես նաև Մկրտիչ Սարգսյանի առանձին ստեղծագործությունների նրա ուրույն մեկնությունները՝ բնագրերի ներքին, գեղարվեստական, հոգեբանական և հատկապես հոգևոր շերտերի լուսաբանումով, նորահայաց ընթերցմամբ ու նոր բացահայտումներով։ Գրքում տեղ են գտել նաև տարբեր առիթներով հեղինակի Մկրտիչ Սարգսյանին նվիրված հուշագրական և դիմանկարային անդրադարձները՝ դրվագված ժամանակի և միջավայրի հավերժական խորապատկերին։ Նշենք նաև, որ այս մատենաշարով լույս են տեսել. Գևորգ Արշակյան, «Մկրտիչ Սարգսյան գրողի դավանանքը»- 2002թ., Վալտեր Թորոսյան, «Վանաձորը նրա Պառնասն էր»- 2003թ., «Քո Նահապետ ներկայությունը» ( Ջավախքն իր զավակին՝ Մկրտիչ Սարգսյանին)- 2004թ., «Դու անկործան վանք կմնաս...» (Մ. Սարգսյանը ժամանակակիցների հուշերում)-2011թ., Թորոս Թորանեան, «Թևածող հոգի մը» (Մ. Սարգսյանի հետ )- 2016թ.: Մատենաշարը 2002թ. հիմնադրել է Գևորգ Արշակյանը։

Նմանատիպ նյութեր