211652_close_icon
views-count51171 դիտում article-date 19:20 10-08-2018

Վրաստանում տեղատարափները հեղեղել են Բաթումը և Քոբուլեթը

Օգոստոսի 10-ի առավոտից Աջարիայում տեղացող հորդառատ անձրևները լուրջ խնդիրներ են ստեղծել բնակիչների և սևծովյան առողջարաններում հանգստացող հյուրերի համար: Ջրի հոսքերը ծածկել են ավտոմոբիլային ճանապարհները՝ սահմանափակելով տրանսպորտի երթևեկությունն ինքնավարության տարածքում, հեղեղվել են Բաթումի, Քոբուլեթի և Մախինջաուրի ավանի փողոցները, տներն ու խանութները, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում Բաթումից ստացվել է ավելի քան 80 կանչ: Ջուրը հեղեղել է բակերը, նկուղները և շենքերի առաջին հարկերը: Քաղաքի առանձին վայրերում ավտոմոբիլային երթևեկությունը կաթվածահար վիճակում է, մարդիկ տեղաշարժվում են փչովի նավակներով: Անձրևների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել նաև Բաթում-Քոբուլեթ կենտրոնական ավտոմայրուղում, որտեղ գոյացած ավտոմոբիլային խցանումը ձգվում է մի քանի կիլոմետր: Հարյուրավոր մեքենաներ չեն կարողացել շարունակել ճանապարհը, քանի որ ավտոմայրուղու առանձին տեղամասեր գրեթե ամբողջությամբ հայտնվել են ջրի տակ: Եղանակը խնդիրներ է ստեղծել նաև Աջարիայի հարեւան տարածաշրջաններում՝ Գուրիայում և Սամեգրելո-Զեմո Սվանեթում, որտեղ վարարած գետերի ջրերը հեղեղել են տները, բակերն ու տնամերձ հողամասերը այդ տարածաշրջանների քաղաքներում ու գյուղերում, այդ թվում՝ Փոթիում, Զուգդիդում և Սենակիում, Գորիում, Աբաշայում և Մարտվիլում։

Նմանատիպ նյութեր