211652_close_icon
views-count6107 դիտում article-date 19:17 09-08-2018

Սասուն Խաչատրյանը արձագանքել է մարտի 1-ի քրեական գործին միջամտելու քննադատությանը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն քննադատությանը, որ նա մարտի 1-ի գործի վերաբերյալ հեռուստատեսությամբ հնչեցրած իր վերլուծություններով միջամտում է քրեական գործին, ասաց. «Դուք դատողություններ արեք՝ ես միջամտում եմ, թե ոչ։ Դատարանն անկախ է, Հատուկ քննչական ծառայությունն ու ծառայության պետը դատավորների նշանակման, նրանց աշխատանքից ազատելու, նրանց առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացներում որևէ ներգրավվածություն չունի և օբյեկտիվորեն չի կարող ազդեցություն ունենալ դատավորների վրա»: Ինչ վերաբերում է «0038» հույժ գաղտնի հրամանի՝ ոչ ամբողջական գաղտնազերծմանը, որն ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, կոնտեքստից կտրելու վտանգ է պարունակում, Սասուն Խաչատրյանը նկատեց, որ այդ փաստաթուղթը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ «Պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը, ուստի, կհորդորեմ պաշտպանական կողմին մեղադրանքները, որ իբր մենք չենք ուզում հրապարակել ամբողջությամբ, այլևս չշահարկվեն, դա մեր ցանկությունը չէ»,- նշեց պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր