211652_close_icon
views-count3952 դիտում article-date 16:52 09-08-2018

Շարունակվում են Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում են Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող 1,8 հա տարածքի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, քաղաքապետարանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ դրանց ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: Բարեկարգվող զբոսայգու տարածքում նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի բազալտակուռ շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներկառուցել ջրավազան, տեղադրել բետոնե ձևավոր սալիկներ ու եզրաքարեր, տեղակայել բացօթյա զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, իսկ Արշակունյաց պողոտայի կողմից՝ նաև հիմնանորոգել թուջե ցանկապատը: Ներկայումս զուգահեռաբար մի քանի ուղղություններով իրականացվող աշխատանքների վերաբերյալ տրվել են հանձնարարականներ: Հարկ է նշել, որ այգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքների շրջանակում տարածքում կանցկացվի արտաքին լուսավորության նոր ցանց, կգործի հասարակական զուգարան՝ այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար: Ընդհանրապես, զբոսայգին հարմարեցված կլինի ինչպես այդ խմբի, այնպես էլ մանկասայլակներով զբոսայգի այցելող քաղաքացիներին: Ըստ այդմ, այգու տարբեր հատվածներում կառուցվում են թեքահարթակներ: Բարեկարգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երրորդ եռամսյակում, որից հետո այգին կհամալրի Երևանի բազմաթիվ հանգստյան գոտիների շարքը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր