211652_close_icon
views-count2857 դիտում article-date 10:32 09-08-2018

Վաշինգթոնը և Անկարան առաջընթաց չունեն Բրանսոնի ազատման հարցում. Reuters

Վաշինգթոնը և Անկարան առայժմ չեն կարողացել առաջընթացի հասնել քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հարցում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկիչների աջակցության և լրտեսության մեջ: Հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանի և թուրքական պատվիրակության շուրջ մեկ ժամ տևած հանդիպումից հետո առաջընթացի նշան չի եղել: «Մենք թուրք պաշտոնյաների հետ լրացուցիչ բանակցություններ ենք անցկացրել: Զրույցները շարունակվում են»,- ասել է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նաուերթը: Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի նորանշանակ փոխարտգործնախարար Սեդատ Օնալը և Վաշինգթոնում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչը: Նրանք հանդիպումից հետո չեն պատասխանել լրագրողների հարցերին: Նշենք, որ ԱՄՆ-ն Բրանսոնի գործի հետ կապված պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների նկատմամբ: Պետդեպարտամենտը շատ քիչ տեղեկություններ էր հայտնել Թուրքիայի հետ բանակցությունների մասին, չնայած նախօրեին խոստովանել էր, որ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և թուրք գործընկերոջ միջև հեռախոսազրույցի արդյունքում հնարավոր չի եղել Բրանսոնի հարցով որոշում կայացնել: Նշենք, որ ԱՄՆ-ն, Բրանսոնին անմեղ է համարում և պահանջում է անհապաղ ազատ արձակել և վերադարձնել հայրենիք:

Նմանատիպ նյութեր