211652_close_icon
views-count3524 դիտում article-date 18:39 08-08-2018

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 347-ի

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 347-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Անտարա» տեղական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 131 զոհվածների մասին: «Տվյալներն ստացվել են շրջանների ղեկավարների այսօրվա հանդիպմանը»,- «Անտարա»-ն մեջբերել է Հյուսիսային Լոմբոկի օկրուգի տարերային աղետների դեմ պայքարի տարածաշրջանային գործակալության ղեկավարի խոսքը: Օգոստոսի 8-ին Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել է, որ ավելի քան 150 հազար բնակիչներ տարերքի հարվածի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Մինչ այդ Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությունում հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Բացի այդ, 236 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել: Ելույթ ունենալով բրիֆինգում՝ այդ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, եւ տարերքի հետեւանքով զոհվածների ու տուժածների թվաքանակը կարող է աճել: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա էր։

Նմանատիպ նյութեր