211652_close_icon
views-count8213 դիտում article-date 15:43 08-08-2018

Կանցկացվի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը

Օգոստոսի 22-24-ը, Երևանում կանցկացվի «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Օգոստոսի 24-ին, ժամը 19:30-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա փառատոնի գալա համերգը: Փառատոնը մեկնարկել է 2014 թվականից և իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս տարի փառատոնը կմեկնարկի Երևանում, այնուհետև՝ կշարունակվի Ստեփանակերտում: Առաջին օրը նախատեսվում է մասնակից խմբերի ինտերակտիվ ելույթներ՝ Երևանի վարչական շրջաններում: Երկրորդ օրը տեղի կունենա ֆլեշմոբ Երևանի կենտրոնում, իսկ երրորդ օրը՝ գալա համերգ Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Կմասնակցեն Հայաստանի ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը՝ «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Նուբար», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), «Ծովակ», «Զարթոնք», «Արդվին» (Մասիս), «Վարք հայոց», «Ոստան»: Նախատեսվում է նաև հայկական երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող տեսանյութերի ցուցադրություն: «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը: Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումն է, և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը:

Նմանատիպ նյութեր