211652_close_icon
views-count138748 դիտում article-date 02:15 08-08-2018

Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է CPS բենզալցակայանին. հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքում.Ժամանել են ԱԻ նախարարն ու փրկարարական ծառայության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում գործող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 11 մարտական հաշվարկ, ովքեր նշված փողոցում գործող «Խաչատուր Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող բենզալցակայանում մի քանի ժամ պայքարում են խոշոր հրդեհի դեմ: Հրշեջներին օգնում են քաղաքացիները, հիմնականում երիտասարդներ: Ճանապարհի երթևեկությունը նշված հատվածում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել: Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը և փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը: Ժամանել են ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի պատճառը եղել է այն, որ Mersedes մակնիշի 91 XX 919 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանին, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ: Մինչ հրշեջները պայքարում էին կրակի տարածման ու կանխման դեմ, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 29-ամյա Վաչե Աբրահամյանը և Փարաքար գյուղի բնակիչ, 26-ամյա Արամ Խալաթյանը: Ոստիկանները ունեն կասկածներ, որ նշված անձինք եղել են բենզալցակայանին բախված Mersedes-ի մեջ, իսկ Mersedes-ն էլ վառվող բենզալցակայանից հայտնաբերվել է մոտ 700 մետր հեռավորության վրա՝ Մայրաքաղաքային փողոցի տներից մեկի դիմաց: Փաստի առթիվ ոստիկանության Վաղաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Թե բենզալցակայանը և թե լիցքավորման հատուկ սարքերը ամբողջովին դարձել են ոչ պիտանի: Ոստիկանությունը պարզում է Mersedes-ի վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հրդեհի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Երբ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի «կարճ ուղեղով» այս հատվածում դրվեցին այս բետոնե արգելապատնեշները, ստից ասելով, թե ճանապարհը դառնալու է արագընթաց, այսօր քաղում ենք դրա դառը հետևանքները: Հրշեջ մեքենաները չէին կարողանում մոտենալ վառվող բենզալցակայանին, քանի որ պետք է մի քանի կիլոմետր անցնեին, նոր շրջադարձ կատարեին ու հասնեին հրդեհի վայր: Այ նման դեպքերի համար էինք փողոց փակում, որ հարգելիներս, շրջադարձեր բացեք, մինչդեռ ամեն անգամ խոստանում էին, թե կուսումնասիրեն ու կլուծեն խնդիրը, սակայն ստացվում էր՝ էշ մի սատկի՝ գարուն կգա, գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները հետևություններ անեն ու խնդիրը լուծեն, լուծելով նաև շրջադարձերի խնդիրը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 180+
180+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր