211652_close_icon
views-count49862 դիտում article-date 00:00 08-08-2018

Կապի և տրանսպորտի նախարարի ու «Հայավտոճանի» տնօրենի հույսին մնալով ճանապարհը, դժվար թե, առաջիկայում բացվի․ գոնե ժողովրդին մի հիասթափեցրեք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Գողթ-Գեղարդ մայրուղու 27 կմ հատվածում, «Գեղարդ» վանական համալիր չհասած ճանապարհահատվածում հսկայական ժայռաբեկորների և քարերի թափման հետևանքով դեպի վանական եկեղեցի տանող ճանապարհը երկկողմանի փակվել է։ Ճանապարհը բացելու ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ կատարեցին Գողթի գյուղապետարանի աշխատակիցները, գյուղապետ Կարեն Գաբրիելյանի գլխավորությամբ։ Օպերատիվ գործեցին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրակարարները, վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը և փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը։ Փլուզման հաջորդ օրը ժամանեց նաև Կապի և տրանսպորտի նախարարության «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ով դեպքի վայրում մի քանի րոպե մնալուց հետո հեռացավ, մինչ այդ խոստանալով, որ Կոտայքի Ճանշինը 3 հերթափոխով աշխատելու է ու ճանապարհը կարճ ժամանակ անց բացվելու է։ Սակայն, ինչպես լինում է շատ դեպքերում, մեր որոշ պաշտոնյաների խոսքը գործից տարբերվում է մի քանի կիլոմետրով։ Դրա վառ ապացույցը այսօր, օգոստոսի 7-ին Կոտայքի Ճանշինի աշխատակիցների ծուլությունն է։ Առավոտյան ժամը 8-ին լծվել էին ճանապարհը բացելու գործին, սակայն ժամը 16-ին մարդիկ, ճաշը ուտելուց հետո, հրաժարվեցին շարունակել աշխատանքը, պատճառաբանելով, որ առավոտից աշխատում են։ Ճիշտ է նրանք նույնպես կատարում են հսկայածավալ աշխատանքներ, սակայն երբ նախկինում նման խոշոր մասշտաբի դեպքեր էին լինում, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը «Հայավտոճան» ընկերության նախկին տնօրեն Աշոտ Արշակյանը ոչ միայն անձամբ էին հետևում աշխատանքներին, այլ նաև գործում էր 2-րդ, 3-րդ հերթափոխ, իսկ շինարարության վայրերում էլ տեղադրվում էին ցուցանակներ և արտաքին լուսավորման նշաններ։ Մինչդեռ Կապի նախարար Աշոտ Հակոբյանը ժամանակ չունի այցելելու փլուզման վայր, այն դեպքում, երբ առաջին իսկ օրվանից ճանապարհը մաքրելու՝ հսկայական ու վտանգավոր ժայռաբեկորները պայթեցման եղանակով հեռացնելու աշխատանքները իր հսկողության տակ է վերցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Եթե Կապի և տրանսպորտի նախարարությունն ու «Հայավտոճանը» նման տեմպերով աշխատեն, ապա վանական համալիր տանող ճանապարհը մեկ շաբաթից ավելի ավտոմեքենաների համար կլինի անանցանելի, և Ճանապարհային ոստիկաններն ու Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները կշարունակեն օր ու գիշեր պահպանել Ճանշինի տեխնիկան։ Ուզում ենք, որ Կապի նախարարը տեղեկանա, որ իրեն ենթակա որոշ պաշտոնյաներ իրեն խաբում են․ գալիս են էստեղ մի քանի րոպե մնում, նկարվում, ինչ-որ մարդկանց «վայբեռով» նկարներ են ուղարկում ու այդքանով համարում են իրենց օրվա աշխատանքը կատարված»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր