211652_close_icon
views-count2710 դիտում article-date 18:23 06-08-2018

Կանաչները Նոր Զելանդիայի խորհրդարանին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտնում է Նոր Զելանդիայի [url=https://www.tvnz.co.nz/one-news/new-zealand/greens-call-parliament-recognise-wwi-deaths-armenians-in-turkey-genocide]TVNZ[/url] հանրային հեռուստաընկերությունը: Նախաձեռնության հեղինակներից մեկը Նոր Զելանդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Հարետ Հյուգն է: Նա նշել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել ցեղասպանության ճանաչման մասին: «Ես խնդրում եմ խորհրդարանին աջակցել օրինագծին: Հայերի հետ տեղի ունեցածը կապված է մեր պատմության հետ»,- ասել է նա: Պատմաբան Ջեյմս Ռոբինսը նշել է, որ նորզելանդացի զինվորներն իրենց հուշերում և օրագրերում գրել են ցեղասպանության մասին և այդ պատմություններն իրենց հետ տուն են տարել: Հարետ Հյուգը հայտարարել է նաև, որ Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և աշխարհի այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915 թվականի ողբերգությունը: «Պատմությունը կրկնվում է հաճախ, և դա կշարունակվի, եթե մենք չճանաչենք մեր անցյալը»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ դատի գրասենյակի նախագահ Հուռի Ելդիզյանը: Հաղորդվում է նաև, որ այսօր Նոր Զելանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրությունը» վավերագրական ֆիլմի դիտում է կազմակերպվելու:

Նմանատիպ նյութեր