211652_close_icon
views-count3505 դիտում article-date 18:09 06-08-2018

Մեր հայրենիքը մոդեռն, զարգացած երկիր է, որտեղ դուք կարող եք ներդրումներ անել․ Սփյուռքի նախարարը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի հետ

ԱՄՆ կատարած այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի շուրջ երկու հարյուր ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ողջունելով ներկաներին՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ, անկեղծ մթնոլորտի ու հյուրընկալության համար և նշել. «Ձեզանից ոմանք թավշյա հեղափոխությունից հետո հասցրել են լինել հայրենիքում, իսկ ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս գալ և վայելել նոր Հայաստանը: Ավելի լավ ապագայի հույսով՝ մարդիկ արդեն սկսել են ժպտալ և հավատալ: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը ոչ միայն յուրաքանչյուր հայի, այլև մարդկության հաղթանակն է: Եվ ես այս առթիվ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեզ բոլորիս: Մենք ոչ միայն ունենք փառահեղ ապագա կերտելու պատմական հնարավորություն, այլև լավ, արժանապատիվ ներկա ունենալու մեծ նախադրյալներ: Հզոր Հայաստան, ուժեղ սփյուռք. ահա այն բանաձևը, որին մենք հավատում ենք, և վստահ ենք, որ միասնաբար պիտի գնանք առաջ»: Խոսելով առկա դժվարությունների և մարտահրավերների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այսօր սփյուռքի աջակցությունը, սատարումը հայրենիքում կատարվող փոփոխություններին շատ կարևոր են: «Առաջին անգամ պատմության մեջ մենք սփյուռքից փող չենք խնդրում: Մենք կարիք ունենք փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման և նպատակային կիրառման»,-շեշտել է նախարարը: Այնուհետև մոտ երկուսուկես ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Մխիթար Հայրապետյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Հայաստան-սփյուռք գործակցության նոր տեսլականին, հայրենադարձությանը, հայապահպանությանը, հայկական դպրոցների ներկայիս վիճակին, սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը: Նախարարը ներկայացրել է նախարարության ծրագրերը, անդրադարձ կատարել սփյուռքահայ երիտասարդների «ՆերՈւժ» startup ծրագրին, նշել է, որ ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքագրում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ, որը մոտ ժամանակներս կհրապարակվի: Մխիթար Հայրապետյանը հատկապես կարևորել է Հայաստանում բժշկական և ֆինանսատնտեսական ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, որտեղ ակնկալվում է սփյուռքահայ մասնագետների աջակցությունը: Հարցեր են հնչել նաև Հայաստանի ներդրումային նոր քաղաքականության վերաբերյալ: «Մենք արմատախիլ ենք անում կոռուպցիան, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ: Մեր հայրենիքը մոդեռն, զարգացած երկիր է, որտեղ դուք կարող եք ներդրումներ անել և գումար աշխատել: Սա շատ հստակ մեսիջ է, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել»,-նշել է սփյուռքի նախարարը:

Նմանատիպ նյութեր