211652_close_icon
views-count17142 դիտում article-date 17:53 06-08-2018

Գլխավոր դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների երաշխավորագիրը

ՀՀ Ազգային ժողովի 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է, և այն քննարկման փուլում է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը օգոստոսի 4-ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր, որոնց ճնշող մեծամասնությունը` «Հանրապետական» խմբակցությունից է: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Նմանատիպ նյութեր