211652_close_icon
views-count14013 դիտում article-date 21:15 05-08-2018

ՀՔԾ պետը անդրադարձել է Ռ. Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը. Tert.am

«Մարտի 1»-ի գործում որպես վկա կամ դատավարական այլ կարգավիճակով անձինք ներգրավվելու են՝ ելնելով գործող տվյալներից: Քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի՝ իր այդ գործառույթն իրականացնելու անկախ անձերից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/05/Sasun-Khachatryan/2759596]Tert.am[/url]-ը: Նա նշել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, ապա հավելել, որ լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կիրականացվի: Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ նա նշել է, որ խնդրահարույց ձևակերպումներ կան նրա մեջ, որոնք ևս քննության առարկա են դարձել: «Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ պրոցեսներում»,-հավելել է Սասուն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ասել, որ բանակը չի խառնվել ներքաղաքական պրոցեսներին, սխալ է: «Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել…այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք՝ «Մարտի 1-ը» դրա վառ ապացույցն էր»,- ասել է նա: Ինչ վերաբերում է պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին ներքաշվելու համար է եղել, ապա Ս. Խաչատրյանն ընդգծել է, որ պաշտպանող կողմը կցանկանար, որ այդպես լիներ:

Նմանատիպ նյութեր