211652_close_icon
views-count5028 դիտում article-date 15:57 04-08-2018

Էրդողանը պատրաստվում է սառեցնել ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների հաշիվները

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի մտցված պատժամիջոցների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ այս մասին օգոստոսի 4-ին Անկարայում իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այսօր ես կարգադրելու եմ իմ ընկերներին, որ Թուրքիայում ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվների առկայության դեպքում դրանք սառեցնեն: Թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը տրամաբանական չէ: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բրանսոնի գործով ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերոջ հարաբերություններին: «Սա Թուրքիայի նկատմամբ լուրջ անարգանքի դրսևորում է»,- նշել է Թուրքիայի նախագահը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը օգոստոսի 1-ից պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլայի նկատմամբ այն բանի համար, որ Անկարան չի թույլատրել հայրենիք վերադառնալ ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը` սահմանափակումները մտցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ որոշումը և հորդորել հրաժարվել դրանից՝ զգուշացնելով, որ այդպիսի ագրեսիվ դիրքորոշումը, որը չի բխում որևէ կողմի շահերից, անհապաղ պատասխան կստանա:

Նմանատիպ նյութեր