211652_close_icon
views-count2860 դիտում article-date 20:47 03-08-2018

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ՏԶՆՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների ընթացքը, անդրադարձել սիրիացի գործարարների համար դեպի ԵԱՏՄ և ԵՄ շուկաներ Հայաստանը որպես հարթակ դիտարկելու հնարավորությանը։ Իր հերթին, դեսպանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է տնտեսական համագործակցության ընդլայնման սիրիական կողմից տրվող արտոնությունների, ինչպես նաև, հայկական արտադրանքը Սիրիայի միջոցով արաբական երկրների շուկաներում ներկայացնելու հնարավորության մասին։ Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նույնպես կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչը կնպաստի բազմաթիվ հարցերի լուծմանը։ Հանդիպմանը խոսվել է ներդրումների խթանման, համատեղ արտադրությունների հիմնման, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու և մի շարք այլ հարցերի մասին։ Դեսպանը հայտնել է առաջիկայում հայաստանցի լրագրողների Սիրիա նախանշվող ճանաչողական այցի մասին, ինչը զբոսաշրջության զարգացումը կխթանի, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանում սիրիական արտադրանքի ցուցահանդես կազմակերպելու նպատակահարմարության մասին, ինչը, թերևս, հնարավորություն կտա հետագայում Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ունենալ մշտական ցուցադրություն։

Նմանատիպ նյութեր