211652_close_icon
views-count6867 դիտում article-date 19:03 03-08-2018

«Ընկերակցության մարտիկ» մրցաշարում ՀՀ ԶՈւ թիմը 3-րդն է

Չորրորդ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը: [url=https://armenpress.am/arm/news/942723.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` օգոստոսի 3-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակիցներին շնորհավորեց և նշեց, որ նախարարությունն արել է ամեն ինչ, որպեսզի մրցույթը լինի հետաքրքիր ու հիշվող: «Հաճելի է, որ Հայաստանում առաջին անգամ այս մրցույթի անցկացումը ոչ միայն ընդլայնեց ծրագրի աշխարհագրությունը, այլև` մեր երկիրը դարձավ համընդհանուր ընդունելի վայր` այսպիսի միջոցառումներ անցկացնելու համար»,- նշեց Տոնոյանը: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի խոսքով` «Ընկերակցության մարտիկ»-ը «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում իրականացվող ամենակարևոր մրցաշարերից մեկն է: «Սա մարտական պատրաստության յուրահատուկ ցուցադրություն է, որովհետև ցանկացած երկիր մրցակցության մեջ ցանկանում է ցույց տալ իր ռազմական բարձր հմտությունները և բարելավել դրանք»,- ասաց Ալեքսանդր Ֆոմինը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ղազախստանի զինված ուժերի թիմը, Բելառուսի ընտրանին երկրորդն էր, Հայաստանի զինված ուժերի թիմը` երրորդը: Բոլոր 5 մրցաձևերում ամենաշատ մեդալներ նվաճած ու կանանց ընդհանուր հաշվարկում լավագույնի մրցանակին արժանացած կուրսանտ Արմինե Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս խաղերին, և անցած տարվա մրցումներից շատ հետևություններ է արել: «Բավական դժվար էր, որովհետև անցած տարի ես հասկացա, որ այնքան էլ պատրաստ չեմ այս մրցումներին, իսկ այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարզումներ ենք անցկացրել, որոնց արդյունքն էլ ակնհայտ է»,- ասաց Գրիգորյանը: Կուրսանտ Արմինեն այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ ուսումն ավարտելուց հետո մեկնելու է ծառայության: «Ընկերակցության մարտիկ» մրցաշարն անցկացվում է 4-րդ «Միջազգային բանակային խաղերի շրջանակում»: Այս տարի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն այն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Մրցույթին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի թիմերը:

Նմանատիպ նյութեր