211652_close_icon
views-count3592 դիտում article-date 10:43 02-08-2018

Երբ անվտան­գության շրջանակը «կուչ է գալիս» փոքրիկ տուփի մեջ, ապա սարսափելի է դառնում ցանկացած «անախորժություն»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հեռանալ այս աշխարհից: Գրում եմ այս հարցը և պատկերաց­նում եմ օգտատերերի արձագանքը՝ «ինչո՞ւ է նա հանկարծ որոշել գրել այս սարսափելի թեմայով, ինչ-որ բա՞ն է պատահել»: Ոչ, որևէ բան չի պա­տահել, և խնդիրը հենց այն է, որ երբ «բան է պա­տահում», դրա մասին այլևս ուշ է խոսել: Երբ մար­դը ծանր հիվանդ է, երբ նրա ֆիզիկական ուժերը խիստ սահմանափակվում են, նա սկսում է կարո­տով, երբեմն լացելով հիշել այն, ինչ ունեցել է, այն, ինչ կարող էր անել, իսկ հիմա չի կարող և ըստ էության չունի: Ահա այդ դեպքում թեման դառնում է սարսափելի, վախենալու, կյանքը վերածվում է դժոխքի: Ամերիկացի հոգեբան Սթիվեն Լևինը նկարագրում է հնդկացիների ծեսը, որով նրանք նախապատ­րաստվում են մահվան: Ցեղի ցանկացած չափահաս ներկայացուցիչ պետք է պարտադիր մի քանի օրով գնա անապատ, ծոմ պահի և դրա արդյուն­քում ստանա, այսպես կոչված, «մահվան երգը»: Այդ երգի տասնյակ, հարյուրավոր կրկնություններն օգնում են արիությամբ դիմավորել կյանքի դժվարու­թյունները: Եվ երբ գալիս է սպասելի կամ անսպա­սելի մահը, այդ հնդկացիներն այն ընդունում են բաց սրտով ու սթափ ուղեղով: Տեսականորեն քրիս­տոնյա քահանան նույնպես պետք է բացատրի հա­վատացյալին, որ նա ավելին է, քան իր մարմինը, շորերը, աշխատանքը, մասնագիտությունը, հասա­րակական հեղինակությունը: Բայց դա՝ միայն տե­սականորեն: Ի՞նչ վատ բան կարող է պատահել ինձ հետ: Ես կարող եմ մահանալ, այդպիսին է, ենթադրենք, սկզբնական պատասխանը: Բայց երբ ավելի եր­կար ես մտածում, ցուցակն ավելանում է՝ ես կարող եմ մահանալ կամ զրկվել աշխատանքից: Հետո կարող եմ մահանալ, զրկվել աշխատանքից կամ ստանալ ցածր աշխատավարձ: Այնուհետև դրան ավելանում է, ասենք, կոմունալ վարձերը ժամանա­կին չմուծելը: Եվ այսպես շարունակ՝ ներառյալ 74 համարի երթուղայինի կես ժամով ուշանալը: Երբ մենք սկսում ենք թվարկել մեր «կախվածություննե­րը», ապա կյանքի հարմարավետության, անվտան­գության շրջանակը «կուչ է գալիս» ինչ-որ փոքրիկ վանդակի կամ տուփի մեջ, և այդ դեպքում ոչ մի­այն մահն է դառնում սարսափելի, այլև ցանկացած «անախորժություն»: Եվ հակառակը՝ երբ դու բաց ես ամեն ինչի համար, մեծ հաշվով, կախված չես ոչ մի բանից, ապա պատրաստ ես ամեն ինչի՝ ընդ­հուպ մինչև մահը: ․․․Ժողովուրդն ասում է՝ «էս աշխարհում մեռնել կա»: Բայց դա կարելի է երկակի մեկնաբանել: Վարկածներից մեկը հետևյալն է. մի անգամ ենք ապրում, արի այս հիմարությունն էլ անեմ, գուցե այն ինձ մի քանի րոպե հաճույք պատճառի: Սա­կայն ճիշտ մեկնաբանությունն այն է, որ փողերը, մեքենաները, տները, ծառաներին, փառքը մենք չենք կարող մեզ հետ տանել գերեզման: Չնայած որոշ մշակույթներում, օրինակ՝ Հին Եգիպտոսում այլ կարծիքի էին և նմանատիպ բոլոր «պարագա­ները» դնում էին հարուստների դամբարան: Բայց դա, իմ կարծիքով, զավեշտալի սովորություն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր