211652_close_icon
views-count3510 դիտում article-date 20:37 31-07-2018

Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփին հարց են տվել՝ արդյո՞ք պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Ես հավատում եմ հանդիպումներին, հատկապես երբ խոսքը հնարավոր պատերազմների, մարդկանց մահվան, սովի և այլ նման հարցերի մասին է, հանդիպումների մեջ վատ բան չկա»,- պատասխանել է Թրամփը, շարունակելով․ «Ես անպայման կհանդիպեի իրանցիների հետ, եթե նրանք ցանկանային հանդիպել: Ես չգիտեմ՝ արդյո՞ք նրանք դրան պատրաստ են: Այժմ նրանք ոչ դյուրին ժամանակներ են ապրում: Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած ժամանակ, երբ նրանք ցանկանան»: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/07/31/ru-trump-offer-to-iran]euronews[/url]-ը։ Հարցին՝ առաջադրելու՞ եք հանդիպման համար որևէ նախապայման, նախագահ Թրամփը պատասխանել է․ «Ոչ մի նախապայման: Երբ նրանք ցանկանան, ես կհանդիպեմ»: Երկխոսության մասին Վաշինգտոնից հնչող այս հայտարարություններին պաշտոնական Թեհրանի արձագանքը չուշացավ: Իրանի իշխանությունները, սակայն, Թրամփի հետ հանդիպման համար նախապայմաններ են առաջ քաշում: ԻԻՀ նախագահ Ռոհանիի խորհրդական Համիդ Աբութալեբին «Թվիթերում» հետևյալ գրառումն է արել․ «Հարգանք իրանի ժողովրդի նկատմամբ, թշնամության նվազեցում և վերադարձ միջուկային գործարքին՝ ահա այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն, որպեսզի բացվի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների խութերով լի ճանապարհը»: Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այս տարվա մայիսին, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված, այսպես կոչված, միջուկային գործարքից դուրս գալու մասին: Բացի այդ Վաշինգտոնը վերականգնեց ու խոստացրեց Թեհրանի դեմ պատժամիջոցները, նախազգուշացնելով նաև, որ կպատժի այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կփորձեն օգնել Իրանին միջուկային զենքի մշակման աշխատանքներում կամ բիզնես գործունեություն կծավալեն այդ երկրի հետ:

Նմանատիպ նյութեր