211652_close_icon
views-count3003 դիտում article-date 16:25 31-07-2018

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից. Բալայան

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն էր հրավիրել Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա: «Եթե 110 մլն եվրոն տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, ապա այո: Այժմ գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով, որի պարտականությունն է մշակել ծրագրեր մեր համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Եվ պարոն Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը կներկայացնի համապատասխան ծրագրեր, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին հնարավորություն ընձեռենք մեզ օժանդակելու՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը: Օրեր առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն էր հրավիրել Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա: «Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի: 110 միլիոն եվրոն սպասում է, և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր