211652_close_icon
views-count8518 դիտում article-date 16:39 28-07-2018

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում բացել 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է՝ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով: Այդ կապակցությամբ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու եւ երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել մեր պետականության եւս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգն ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը եւս հինգ տարով երկարաձգելու համար: Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար: Դեռեւս 2008-ին ապօրինաբար ձեւավորված` Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին` որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու` ժողովրդի կամքն ու ցանկությունը: 2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որեւէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը եւ մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական: «Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության հետ կապված խնդիրը համակողմանի դիտարկելու եւ ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար: Այս եւ ամեն դեպքում բոլոր քաղաքացիների՝ այդ թվում մեղադրյալների, սահմանադրական իրավունքի ամրագրումը հրամայական է»:

Նմանատիպ նյութեր