211652_close_icon
views-count5054 դիտում article-date 12:11 28-07-2018

Հիմնադիր խորհրդարանը ողջունում է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու քայլերը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւ Սասնա Ծռեր խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու եւ նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանության օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարեւորագույն արդյունք եւ իրողություն։ Այս մասին հայտարարություն են տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւ Սասնա Ծռեր խմբավորումը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի եւ 1998 - 2008 թվականներին մեր իրականության մեջ տեղ գտած եւ բազում զոհերով զուգորդված հանցագործությունների բացահայտման եւ արդարության հաստատման ուղղությամբ, այլեւ կարեւորագույն քայլ է հանդիսանում կապված Հայաստանում, հատկապես 1998թ․-ից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու եւ ժողովրդի իշխանությունը զավթելու գործողություններին իրավական գնահատական տալու եւ դրանով հանդերձ՝ ապագայում դրանք երբեւէ թույլ չտալու առումով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա վարած ապազգային քաղաքականությունը հիմնականում արտացոլվել է հետեւյալում․ • Արցախի հիմնահարցի շահարկում, միաժամանակ՝ Արցախի հարցում դավաճանական եւ պարտվողական քաղաքականության որդեգրում • Հայաստանի ինքնիշխանության զիջում օտար ուժերին, հատկապես՝ Ռուսաստանին • Քրեաօլիգարխիկ համակարգի ձեւավորում, եւ քրեական համակարգի ներթափանցում պետական ու հանրային բոլոր ոլորտներ, հակապետական, հակազգային եւ հակամարդկային, կլանային եւ անձնական շահերի ծառայող քաղաքականության վարում Իհարկե մինչեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք եւ Հայաստանը «նոր որակով» կառավարելու լծակները Մարտի 1-ի արդյունքում հանձնեց իր հանցակից գործընկեր Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին հաջորդ տասնամյակում երկիրը վերածեց բռնապետության եւ այն կանգնեցրեց անդունդի եզրին։ Կրկին ողջունելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը եւ Սասնա Ծռեր խմբավորումը հույս են հայտնում, որ այս քայլը ոչ միայն կծառայի բազում մարդկանց խեղված ճակատագրերի շուրջ արդարության հաստատմանը, այլեւ կհանդիսանա անցյալի կործանարար քաղաքականությունից անվերադարձ շրջադարձ կատարելու վճռական քայլ։

Նմանատիպ նյութեր