211652_close_icon
views-count38857 դիտում article-date 01:18 28-07-2018

Խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործողությունները, մի՛ տրվեք էմոցիաներին. Արա Մինասյանը դիմել է գործընկերներին

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: Հիշեցնենք, այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու բողոքի ակցիա իրականացել՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը: Արա Մինասյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի գործընկերներ, Ձեզ դիմում եմ խնդրանքով. խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործությունները, մի՛ տրվեք էմոցիաներին, վերադարձեց աշխատանքի և ապահովեք բուժկենտրոնի բնականոն աշխատանքը: Մեզ հազարավոր հիվանդներ են սպասում, որոնք չպետք է տուժեն մեր շուրջ ստեղծված իրավիճակից: Սիրելի ընկերներ, Ուզում եմ տեղեկացնել, որ պատրաստվում եմ կապ հաստատել վարչապետի աշխատակազմի հետ՝ խնդրելով, որպեսզի հնարավորության դեպքում վարչապետը ժամանակ գտնի ինձ ընդունելու: Ես ցանկանում եմ հանդիպել վարչապետին և ներկայացնել իրերի դասավորությունը, ներկայացնել, այսպես կոչված, չարաշահումների վերաբերյալ մեր դիրքորոշումը: Ես խնդրելու եմ վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ երկու ամսով հետաձգել ինձ աշխատանքից ազատելու նախարարի որոշումը, որպեսզի կարողանամ հիվանդանոցի գործող ղեկավարի կարգավիճակում պարզաբանել ինձ ու բուժանձնակազմին վերագրվող մեղադրանքները: Խնդրի պարզաբանում-հանգուցալուծումից հետո երկու ամսից ես ինքս վայր կդնեմ տնօրենի լիազորությունները: Եթե հանդիպելու հնարավորություն, այնուամենայնիվ, չստեղծվի, ես դա էլ կընկալեմ: Կմնա միայն դատական կարգով իմ կոլեկտիվի բարի համբավն ու պատիվը վերականգնելու միակ տարբերակը: Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին տարիների նվիրումի ու տքնաջան աշխատանքի համար: Մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել միասին: Եվ այդ ճանապարհը թանկ է ինձ համար: Անկախ դեպքերի հետագա ընթացքից, միշտ ձեր կողքին եմ լինելու և ուժերիս ներածին չափով անելու եմ ամեն բան արդարության հաստատման համար: Հուսով եմ՝ խնդրանքս չեք մերժի և վաղվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը կաշխատի առանց ընդմիջումների»:

Նմանատիպ նյութեր