211652_close_icon
views-count3764 դիտում article-date 10:53 27-07-2018

Սահմանադրական կարգը տապալելու փորձի ժամանակ իշխանական կոալիցիայում էին նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որ ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննելու էր, սպասում էինք: Բայց որ երեք ժամ տևած հարցաքննությունից հետո Քոչարյանին նույն օրն իսկ մեղադրանք կառաջադրեն, նաև կալանավորելու համար կդիմեն դատարան, իսկապես անհավատալի էր: Այնպես որ Քոչարյանին մարտի 1-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով մի խումբ անձանց հետ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելու, կալանավորելու համար դատարան դիմելու լուրն իսկապես շոկ էր: Կատարվածը շոկ էր, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, այն էլ պետության դեմ ծանրագույն հանցագործության մեղադրանքով: Ավելի ուշ Քոչարյանը «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում պնդում էր, թե «սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է իրավական սյուրռեալիզմի ժանրից, 37 թիվն է դառնում»: Ասել է թե` նոր իշխանությունների հասցեին նույն մեղադրանքներն է հնչեցրել, ինչ ընդդիմությունն իր պաշտոնավարման տարիներին ասում էր Քոչարյանի հասցեին: «Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ»,- նշել է Քոչարյանը: Երեկ ՀՔԾ-ում նույն գործի շրջանակներում հարցաքննվել է 2008թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գևորգյանը. նրանք երկուսն էլ առայժմ հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Բայց ամեն րոպե չի բացառվում, որ մեղադրյալների շարքն ավելանա. ի վերջո, մարտիմեկյան իրադարձություններին նախագահականում գործել է հատուկ շտաբ, որում, ըստ Փաստահավաք խմբի, ընդգրկված են եղել նաև այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՊՆ Միքայել Հարությունյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը և այլք: Նրանցից միայն Մ.Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել ու նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Սպասվում է մյուս նախկին պաշտոնյաների հարցաքննությունը ևս: Մեկ փաստ էլ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող իշխանության հետ 2008թ. կոալիցիա են կազմել նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Ընդ որում` նրանցից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր