211652_close_icon
views-count3088 դիտում article-date 23:27 25-07-2018

Առևտրային պատերազմները կարող են մինչև 2.8 տոկոսով դանդաղեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2019-ին

Միջազգային առևտրային վեճերի սրումը կարող է բերել համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցման 0.4-2.8 տոկոսային կետով՝ սպասվող 3.2 տոկոսի փոխարեն: Հաղորդում է tass.ru-ն, հղում անեով Fitch միջազգային վարկանիշային գործակալության զեկույցին: Ըստ գործակալության՝ առևտրային պատերազմներում ամենից շատ տուժում են ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տնտեսությունները: ԱՄՆ-ի և Կանադայի ՀՆԱ-ի աճի տեմպերը կարող են նվազել 0.8 և 1 տոկոսային կետով, համապատասխանաբար, 2019 և 2020 թվականներին, իսկ Մեքսիկայի տնտեսության աճի տեմպերը կարող են դանդաղել 1.7 և 1.5 տոկոսային կետով հաջորդ երկու տարիներին: Բացի այդ՝ հարվածի տակ կարող է հայտնվել նաև Ռուսաստանի տնտեսությունը, որի աճի տեմպերը կարող են նվազել 0.6 տոկոսային կետով 2019-ին, 0.7-ով՝ 2020-ին: Ամենափոքր ազդեցությունը առևտրային վեճերը կարող են թողնել Չինաստանի տնտեսության վրա, որտեղ գործակալությունը կանխատեսում է 0.3 տոկոսային կետով աճի դանդաղեցում հաջորդ երկու տարիներին: Համաձայն գործակալության՝ առևտրային կոնֆլիկտները գրեթե չեն ազդի Եվրամիության երկրների վրա: Հունիսի սկզբին ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել Եվրամիությունից, Կանադայից և Մեքսիկայից ներկրվող պողպատե և ալյումինե արտադրանքի վրա, համապատասխանաբար, 25 և 10 տոկոս: Այդ երկրներն էլ պատասխան գործողություններ են ձեռնարկել: Մասնավորապես, Եվրամիությունը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան մետալուրգիական, մեքենաշինական և գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ, որի արտահանման ծավալը տարեկան 2.8 միլիարդ եվրո է:

Նմանատիպ նյութեր