211652_close_icon
views-count21402 դիտում article-date 20:58 25-07-2018

Մեկ օր հրամանարատի հետ․ hetq.am

Տարիքին զուգընթաց սկսում ես գիտակցել, որ լուսանկարչական գլուխգործոց ստեղծելու հույսով պատերազմ մեկնել չի կարելի։ Այդ գլուխգործոցներն ավելի լավ է հարմարավետ աշխատասրահում ծնվեն։ Լավագույն բանը պատերազմում՝ երբ ոչինչ չի կատարվում, եւ ստիպված ես լինում լուսանկարել զինվորների առօրյան։ Խրամատներն են ամրացնում, գերաններ են քարշ տալիս, ջրատարն են վերանորոգում, շիլա են ուտում, սուրճ են խմում, խաղաղ կյանքի մասին անեկդոտներ են պատմում... Այդ օրը զինվորների համար մի քիչ առանձնահատուկ էր. դիրքեր էին այցելել լրագրողները։ Այն էլ ի՜նչ լրագրողներ՝ երկու սիրունիկ լրագրողուհի։ Բայց՝ առաջ չընկնենք։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ «[color=#EF2929]Հետք[/color]» կայքում կարդացի հայտարարություն այն մասին, որ Արցախի ՊԲ-ն լրագրողներին հրավիրում է՝ ծանոթանալու արցախյան բանակային կյանքին եւ իրենց հրապարակումներում պատմելու Բանակի պաշտպանունակության մասին։ Խնդրեցի, ցուցակագրվեցի։ Տեղ հասանք, բաժանվեցինք խմբերի։ Յուրաքանչյուր խումբ ընտրեց իր աշխատատեղը։ Անցած-գնացած ճամփաս հիշեցի ու խնդրեցի ինձ տանել հյուսիս։ Երկու տարի առաջ նկարել էի այնտեղ, 2016-ի ապրիլն էր։ Երեքով էինք մեր խմբում՝ Անի Վարդանյանը, Լիլիան Գալստյանը եւ ձեր խոնարհ ծառան։ Հասանք N զորամասի դիրքերը։ Այդտեղից մեզ ուղեկցեց Հրամանատարը։ Սակայն, մեկնումից առաջ հրամանատարը խնդրեց մի քիչ սպասել՝ մինչեւ ստորագրի այդ օրը զորացրվածների զինվորական գրքույկները։ «Շտաբի պետը պետք է ստորագրեր, բայց հիվանդացել է», - պարզաբանեց։ Եթե Երեւանում նախապես պայմանավորվեի, որ հենց նման պահի հայտնվեի աշխատասենյակում, երեւի թե ինչ-որ բան այնպես չէր ընթանա, եւ ես ձեռքիցս բաց կթողնեի այդ պահերը։ Հիմա մենք Հրամանատարի աշխատասենյակում էինք եւ հաճույքով հետեւում էինք զինվորների համար այդ ուրախալի ակնթարթներին։ Վերջապես ճամփա ընկանք։ Մեքենայի ղեկին Հրամանատարն էր։ Անին հարցրեց նրան. «Ձեզ մի՞թե վարորդ չի հասնում»։ -Հասնում է, բայց հիվանդացել է, ուղարկել եմ հոսպիտալ։ Այսօր զորացրվում է։ Հոսպիտալից ուղիղ տուն կգնա։ Փաստաթղթերն ուղարկել եմ հոսպիտալ, որ չվերադառնա զորամաս, անտեղի ժամանակ չկորցնի։ Սկսեցի ուշադիր զննել Հրամանատարին։ Ամեն օր չես հանդիպի գնդապետի, որը լուռումունջ, առանց դժգոհելու կատարում է իր ենթակաների գործը։ Ամբողջությամբ՝ [url=http://hetq.am/arm/news/91636/mek-or-hramanatari-het.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր