211652_close_icon
views-count6248 դիտում article-date 13:26 24-07-2018

Հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ նվազում ունենք բոլոր ուղղություններով. Լևոն Մնացականյան

Առաջնային գծում իրադրությունը կայուն հանգիստ է: Նախորդ տարիների համեմատ` հրադադարի ռեժիմի խախտումների կտրուկ նվազում ունենք բոլոր ուղղություններով :«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` հուլիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` հավելելով, որ խախտումները արձանագրվում են միայն հրաձգային զինատեսակներից: «Նման հանգիստ վիճակ երբևիցե չի եղել: Պաշտպանության բանակը վերահսկելով բոլոր գործողությունները` շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը բոլոր ուղղություններով` շեշտը դնելով հակառակորդի հետագա գործողությունների, բացահայտման, ավելի մանրակրկիտ վերլուծման վրա և ըստ այդմ նախանշելով առաջնահերթությունները: Այսօր մեզ համար առանջային են համարվում առանջագծի հետ կապված աշխատանքները` համակարգերի տեղադրման և կառավարման, հետախուզման, տեսադիտարկման առումներով: Ներկայումս ավելացել են պաշտպանության բանակի սահմանափակ պայմաններում հետախուզության վարման հնարավորությունները: Ընդլայնվել է նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի զինանոցը: Վերլուծելով հակառակորդի կողմից վերջերս իրականացվող զորավարժությունները` որոշակի փոփոխություններ են մտցվել զորքերի պատրաստության ծրագրերում` շեշտը դնելով նման գործողություններին դիմակայելուն և, անհրաժեշտության դեպքում, պատասխան գործողությունների դիմելուն: Առաջին ուսումնական փուլում զորքերը պատրաստվել են և ի վիճակի են բարձր մակարդակով կատարելու իրենց առջև դրված խնդիրները: Բացի դրանից աշխատել ենք նաև զինվորական կարգապահության ամրապնդման վրա և բոլոր ուղղություններով ունենք շոշափելի առաջխաղացում»,- մանրամասնել է Լ. Մնացականյանը: ՊԲ հրամանատարի խոսքով` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, շարունակվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները: «Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ հիմնախնդրի լուծման միակ տարբերակը ռազմական ճանապարհն է: Նման հայտարարություններ վերջին անգամ արվել են հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի Զինված Ուժերի 100-ամյակին նվիրված տանակատարություններին, որոնց մասնակցում էին նաև հրավիրվածներ տարբեր երկրներից: Դա արվել է ոչ միայն իրենց ներքին լսարանի համար, այլև միջազգային հանրության առջև: Ընթացիկ տարվա մարտ ամսվանից սկսած` հակառակորդն ակտիվացրել է մարտական պատրաստությանը վերաբերող բոլոր միջոցառումները, հատկապես առաջնային գծի մոտակա մասերում նկատելի են դարձել զրահատանկային, տանկային բոլոր զորամասերի և ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունները: Անց են կացվել նաև զորատեսակների առանձին, ինչպես նաև ըստ մասնագիտական ուղղությունների զորավարժություններ: Բոլոր զորավարժությունները վերահսկվել են մեր կողմից` որոշ ուղղություններով անգամ մեզ համար լինելով տեսանելի: Այս կիսամյակի ընթացքում ակտիվ աշխատել են նրանց հետախուզական միջոցները, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերը և ցամաքային հետախուզության միջոցները: Հակառակորդը բոլոր միջոցներով աշխատել է, որպեսզի հայթայթի տվյալներ մեր առաջնագծի կահավորման, զորքերի տեղակայման, ընդհանուր գործունեության վերաբերյալ` իր կողմում ևս մոտ լայն թափ հաղորդելով առաջնային գծի կահավորման աշխատանքներին»,- ավելացրել է Լ. Մնացականյանը: Մամուլի ասուլիսի ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված հարցերին:

Նմանատիպ նյութեր