211652_close_icon
views-count2861 դիտում article-date 23:58 23-07-2018

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցն Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում: «Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք վարչապետ Փաշինյան-նախագահ Թրամփ հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում և այդ հարցը օրակարգային է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը: Նա անդրադարձավ այն դիտարկմանը, թե ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ԱՄՆ այցի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականներին խնդրել է կազմակերպել հանրապետական նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հանդիպումը: Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ դրանք կեղծ լուրեր են, ապատեղեկատվություն: «Ասեմ, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին: Նրանք հանդիպումների ժամանակ տեղեկացրեցին, որ նման դեմարշ պետք է անեն, մի բան, որ նախկինում էլ արվել է: Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը: Կեղծ մեկնաբանումն այստեղ անթույլատրելի է: Նախաձեռնությունը գալիս է կոնգրեսականներից»,- շեշտեց դեսպանը: Ի պատասխան այն դիտարկմանը, թե կա շրջանառվող կարծիք, որ Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից հետո որոշվել է արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը նշեց, որ որոշումը կայացվել է Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից առաջ: «Ցավոք, պետք է նշեմ, որ 2018-2019 թվականներին Հայաստանը չպետք է դիտարկվի որպես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից շահառու երկիր: Որոշումն ընդունվել է Համաշխարհային բանկի կողմից ՝ հիմնվելով այն տեխնիկական տվյալների ուսումնասիրությունների վրա, որ Հայաստանը թույլ տվեց դասակարգել որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր, ինչը, գոյություն ունեցող չափորոշիչների համաձայն, թույլ չի տալիս Հայաստանը ներառել այդ ծրագրում: Որոշումն ընդունվել է անսպասելի՝ հուլիսի սկզբին: Ասեմ, որ այն անսպասելի էր թե՛ մեր, թե՛ Պետքարտուղարության մեր գործընկերների համար: Որոշումն ընդունվել էր առաջին փոխվարչապետի այցից մոտ երկու շաբաթ առաջ, որևէ կապ չունի իր այցելության արդյունքների հետ»,- ասաց նա: Ավելին՝ դեսպանը նշեց, որ փոխվարչապետի այցելության ընթացքում քննարկվել են լրացուցիչ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկու երկրների օրակարգի հագեցվածությունը պահպանել առանց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի: Այս առումով Հայաստանը քննարկումների մեջ է իր ամերիկացի գործընկերների հետ: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց, որ չպետք է սևեռվել մեկ ծրագրի վրա, երկու երկրների հարաբերություններն այնքան բազմաշերտ են, այնքան հնարավորությունները շատ են, որ պետք է փնտրել դիվերսիֆիկացիա: Դեսպանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցերին, թե ՀՀ առաջին փոխվարչապետը նախաձեռնել է չհաշվարկված հանդիպումներ և մասնակցել դրանց: «Միջպետական հարաբերություններում սիմետրիկ հանդիպումները ընդունված կարգ են, բայց միայն հավասարազոր մակարդակների հանդիպումը չի կարող առաջ տանել միջպետական հարաբերությունները: Կարող եմ ասել, որ անցումային այս շրջանում, Թրամփի ադմինիստրացիայի հաստատումից հետո մեր հարաբերություններն այդպես սիմետրիկ չեն եղել: Օրինակ, Հայաստանի նախագահն ու վարչապետն ընդունել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներին, չնայած դրան, այս տարիների ընթացքում մեր հարաբերությունները պահպանվել են բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի այցին, ապա նա Նյու Յորքում էր՝ ներկայացնելու Հայաստանի զեկույցը։ Օգտվելով առիթից՝ հնարավորություն ընձեռվեց հրավիրել Վաշինգտոն, որպեսզի կայանան մի քանի կարևոր հանդիպումներ՝ տեղյակ պահելու հայաստանյան փոփոխությունների մասին»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր