211652_close_icon
views-count5197 դիտում article-date 21:26 23-07-2018

Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է «Երևան-Սոֆիա» երգարանի շնորհանդեսը

Սոֆիայի Հայոց տանը Բուլղարիայում ՀՀ դեսպանության և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հուլիսի 19-ին կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մուշեղ Հարությունյանի հեղինակած՝ «Երևան-Սոֆիա» հայ-բուլղարական երգարանի շնորհանդեսը: Տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Իր ելույթում Մուշեղ Հարությունյանը նշել է, որ երգարանը կազմելիս նա առաջնորդվել է երգարվեստի միջոցով երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման անհրաժեշտության գաղափարով: Հեղինակն իր երախտագիտության խոսքերն է ուղղել շնորհանդեսի նախաձեռնողներին, կազմակերպիչներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ջերմ ընդունելության համար: Միջոցառման ընթացքում Մուշեղ Հարությունյանի և բուլղարահայ հայտնի երգիչ և կոմպոզիտոր Հայկաշոտ Աղասյանի կատարմամբ հայերեն և բուլղարերեն լեզուներով հնչել են երգարանում զետեղված և երկու ժողովուրդների կողմից սիրված մի շարք երգեր: Շնորհանդեսին մասնակցել են բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, հայկական և բուլղարական արվեստի և մշակույթի գործիչներ, հայտնի երաժիշտներ, Բուլղարիայի կոմպոզիտորների միության անդամներ, գիտական գործիչներ, լրագրողներ: Հրավիրվածների թվում էին Բուլղարիայի ազգային և Սոֆիայի քաղաքային գրադարանների ղեկավարները: Միջոցառմանը ներկա էր նաև ԲՀ նախկին վարչապետ, հայ համայնքի մեծ բարեկամ Ռենետա Ինջովան:

Նմանատիպ նյութեր