211652_close_icon
views-count3280 դիտում article-date 10:36 23-07-2018

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը՝ կարևորելով ինչպես պատշաճ օրենսդրության ընդունումը, այնպես էլ իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորումը։ «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը հուլիսի 12-ին մտել է ուժի մեջ, և դրա պահանջների բավարար իմացությունը, պահպանումն ու կիրառումն ունեն առաջնահերթ կարևորություն գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար (տեղական ինքնակառավարման մարմիններ, ոստիկանություն, հավաքների կազմակերպիչներ (ղեկավարներ), կարգադրիչներ և այլն)։ Վերլուծելով արդեն իսկ առկա փորձը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է մի շարք նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը. 1. Հավաքին մասնակցող քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հավաքի կազմակերպիչը՝ ղեկավարն է որոշում հավաքի ընթացքը, այդ թվում՝ որևէ քաղաքացու ձայն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը։ 2. Հավաքի կազմակերպիչը (ղեկավարը) և ոստիկանության իրավասու ներկայացուցիչները պետք է համագործակցեն՝ ի թիվս այլոց, ապահովելու համար հավաքի անցկացման վայրից հավաքի բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիներին հեռացնելու ոստիկանության գործառույթի համաչափ իրացումը։ Դա հատկապես կարևոր է խախտման «կոպիտ» բնույթը գնահատելու հարցում միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու առումով։ 3. Հավաքի կազմակերպչի (ղեկավարի) կողմից նշանակված կարգադրիչները պետք է կրեն օրենքով սահմանված տարբերանշաններ, և նրանց պետք է բացատրվեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։­ Այս հարցում ևս ցանկալի է հավաքի կազմակերպչի (ղեկավարի) և ոստիկանության համագործակցությունը։ 4. Հավաքի ընթացքում ակնհայտ վիրավորանք պարունակող կոչերի ու հայտարարությունների հնչեցումն անընդունելի է և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթը։ Քաղաքացիների կողմից մարդու իրավունքների չարաշահումը նույնպես վտանգավոր է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթի տեսանկյունից, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները։ [b]ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր