211652_close_icon
views-count15288 դիտում article-date 23:04 21-07-2018

Սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆեյսբուքյան էջը, նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի ուսանողների թիվը, որն իր ազդեցությունն է ունենալու բուհերի վրա: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ հակաճգնաժամային ինչպիսի՞ ծրագրեր են իրականացրել բուհերը և ի՞նչ լուծումներ գտել, քանի որ խնդրի մասին հայտնի է եղել դեռևս տարիներ առաջ: Ներկաները նշել են, որ ռեկտորների խորհուրդը բազմիցս քննարկել է այս հարցը, ինչպես նաև առանձին բուհեր իրավիճակային լուծումներ են փորձել գտնել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ մայր բուհը դեռևս 6 տարի առաջ խնայողությունների ծրագիր է մշակել, որի հետևանքով այսօր հնարավոր է եղել պահպանել ֆինանսական կայունություն: Ավելին՝ նա նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին այլևս գումար չփոխանցելու արդյունքում սեպտեմբերի 1-ից 15 տոկոսով կբարձրանան ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Նա մտահոգություն է հայտնել դեռևս նախկին կառավարության օրոք գիտության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ, որը, ըստ ռեկտորի, հարվածել է գիտությամբ զբաղվողներին: Հանդիպմանը ներկա բոլոր ռեկտորներն անդրադարձել են իրենց բուհերում առկա ֆինանսական հիմնախնդիրներին, մասնավորապես, բարձրացվել է բուհերի աշխատակիցներին բժշկական ապահովագրություն տրամադրելու, ինչպես նաև գնումների գործընթացի և տարբեր հիմնավորումներով ուսանողների վարձավճարների զեղչերի վերաբերյալ հարցեր: Ռեկտորները հավաստիացրել են, որ նախորդ տարիների ընթացքում այս խնդրին նախապատրաստվել են իրենց անձեռնամխելի ֆոնդերի, ֆինանսական խնայողությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության, օտարերկրյա ուսանողների ներգրավման և այլ միջոցների շնորհիվ, որի հետևանքով, ըստ նրանց, աշխատակիցների կրճատումներ գրեթե չեն լինելու: Հանդիպման ավարտին նախարարը ռեկտորներին զգուշացրել է, որ նոր ուսումնական տարվանից խիստ վերահսկողություն է իրականացվելու դասապրոցեսի և ուսանողների հաճախելիության խնդրին:

Նմանատիպ նյութեր