211652_close_icon
views-count25950 դիտում article-date 22:29 20-07-2018

Զինված ուժերն այսուհետեւ կունենան ավելի հարմարավետ համազգեստ և արդիական կոշիկներ

ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար այսուհետ համազգեստը կլինի ավելի հարմարավետ, իսկ կոշիկներ՝ արդիական: Լրագրողների հետ զրույցում այսօր Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը նշեց, որ նախորդ տարվանից, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համազգեստի և կոշկեղենի կրման ժամկետը կառավարության որոշումով սահմանվել է 6 ամիս՝ նախկինում 8 ամսվա փոխարեն: Անդրադառնալով համազգեստի որակին, ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետն ընդգծեց, որ համազգեստի չմաշվելը խոսում է բամբակի բացակայության մասին: «Համազգեստի երանգների խամրելու առաջին գործոնը՝ այն սխալ լվանալու արդյունքն է: Նախատեսված է լվանալ ոչ ավելի, քան 30 աստիճան ջրում, համապատասխան ոչ սպիտակեցնող փոշիներով: Այս ամենը հստակ գրված է պիտակի վրա, ուղղակի պետք է ուշադիր լինել: Ամբողջ բանակի համազգեստները, ինչպես նաև անկողնային պարագաները լվացվում են քաղաքացիական լվացքատներում»,- ասաց Վահան Պապյանը: Գնդապետը նշեց, որ աշխատանքներ են տարվում արդիական կոշկեղեն ձեռք բերելու ուղղությամբ: 2018 թվականին ձեռք կբերվեն նաև լրացուցիչ ներդիրներ՝ ամառային և ձմեռային՝ երկուական զույգի հաշվով, յուրաքանչյուր զինծառայողին: «Անց է կացվելու մրցույթ և նոր ձեռք բերված կոշիկների ներդիրները ավելի հարմարավետ պետք է լինեն»,- ընդգծեց Վահան Պապյանը: Կոշիկների տակացուների ամրացման համար այժմ Հայաստանում աշխատանքներ են իրականացվում, որպեսզի դրանք ոչ թե կոճգամով, այլ նոր տեխնոլոգիաներով ամրացվեն: Գնդապետն ընդգծեց, որ Հայաստանում արդեն իսկ կա նոր տեխնոլոգիաներով տակացուների արտադրման փորձ: «Այդ կոշիկները պետք է փորձաշրջան անցնեն, այսինքն՝ զինծառայողը պետք է հագնի և 3 ամիս անց որակը կերևա: Տարբերակներ ենք փորձել, որ ամենաշատը 3 ամիս անց դրանք պիտանի չեն եղել: Փորձաշրջանի համար նախատեսվում է ձեռք բերել 10․000 նման կոշկեղեն, և եթե տակացուները անցնեն քննությունը՝ կդառնան զինվորների մշտական համազգեստի մաս:

Նմանատիպ նյութեր