211652_close_icon
views-count17030 դիտում article-date 18:29 18-07-2018

Իտալիայի նախագահը Բաքվում նշել է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

Այսօր Բաքվում, Ադրբեջանի և Իտալիայի նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան ասել է, որ Իտալիան ԵԱՀԿ-ն նախագահելու շրջանակներում աջակցություն կցուցաբերի Արցախյան խնդրի կարգավորմանը: «Մենք ցանկանում ենք, որ բանակցային ձևաչափը փոփոխելու փոխարեն, ընդհակառակը՝ բանակցություններում գտնվեն նոր ուղիներ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար: Մեր կարծիքով՝ այդ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով», - ասել է Իտալիայի նախագահը, նշելով, որ կարգավորումը պետք է լինի կայուն, երկարատև և միջազգային նորմերի շրջանակներում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահում է Իտալիան, ասել է. - «Մենք հուսով ենք և համոզված ենք, որ Իտալիան՝ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, ակտիվ դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Նա կրկնել է Բաքվի կողմից բազմիցս հնչեցված մոտեցումները, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ալիևն ասել է, թե տարածաշրջանում կայունություն, խաղաղություն և լայնածավալ համագործակցություն կհաստատվի միայն «հայկական զորքերը գրավյալ շրջաններից դուրս բերելուց հետո»: Իտալիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել հուլիսի 17-ին: Նրա այցի մանրամասները հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Իտալիայի նախագահի այցը Երևան նախատեսված է հուլիսի 30-ին։

Նմանատիպ նյութեր