211652_close_icon
views-count6039 դիտում article-date 18:02 18-07-2018

«Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման 4-րդ շրջանը». ադրբեջանագետ

Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ այդ երկրում կան խնդիրներ մի շարք ուղղություններով: «[url=https://armenpress.am/arm/news/941177.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ թվացյալ պատկերը, թե Ադրբեջանում իրավիճակը վերահսկվում է իշխող ընտանիքի կողմից, տեսնում ենք, որ այս վերջին իրադարձություններն այլ իրողության մասին են խոսում: «Տեղի ունեցավ մահափորձ քաղաքապետի նկատմամբ, որից հետո ի նշան ձերբակալված անձի պաշտպանության ցույց անցկացվեց, որի ընթացքում 2 բարձրաստիճան ոստիկան սպանվեց: Այնինչ, սովորաբար Ադրբեջանում նման ակցիաների դեպքում լուրջ վերահսկողություն է իրականացվում»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Սկզբնական շրջանում տեղեկատվական դաշտը հաղորդեց, որ քաղաքապետի նկատմամբ մահափորձը կենցաղային ֆոն ուներ, դրանից հետո խոսվեց ծայրահեղ կրոնականների, այնուհետև արտաքին միջամտության մասին, նույնիսկ հայկական հետք էին տեսնում: Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են նման իրավիճակի առաջացման մեղքը բարդել բոլորի վրա և երբեք չվերցնել պատասխանատվություն: Եվ բավական է, երկրում լինի փոքր արտակարգ իրավիճակ, թե՛ տեղեկատվական, թե՛ պետական համակարգը, թե՛ ինստիտուտները, որոնք, ըստ էության, մեկ մարդուց են կախված, հայտնվում են կոլապսի մեջ: «Այս դեպքով պայմանավորված՝ այժմ սկսվել է ձերբակալությունների զանգվածային ալիք, խոսվում է մոտ 100 ձերբակալվածի մասին, և նրանց բոլորին ներկայացնում են կրոնական ծայրահեղականների ֆոնի վրա: Իմ համոզմամբ, դա արտաքին ծածկույթն է, իրականում ներքին խնդիրներ կան, առկա են ներիշխանական պայքարի տարրեր»,-ասաց ադրբեջանագետը: Տաթև Հայրապետյանը նշեց, որ այս բոլոր գործընթացներին իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները: Մտավախություն կա, որ հայաստանյան իրադարձությունները կարող են արտահայտվել նաև իրենց երկրում: Տաթև Հայրապետյանի խոսքով, Ալիևի համար շատ դժվար է լինելու կառավարման այս 4-րդ շրջանը, որովհետև խնդիրները գնալով սրվելու են, ընդ որում, կանխատեսումներ կան, որ սա դեռ ավարտը չէ: Ամբողջատիրական թվացյալ վերահսկողությունն իր ճաքերն է տալիս, որովհետև ինստիտուտները չեն գործում: Փորձագետ Լիանա Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/941177.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր