211652_close_icon
views-count2566 դիտում article-date 15:31 18-07-2018

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել

Հուլիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական բացմանը: Ծրագրի նպատակն է բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական ու տնտեսական դիմակայունությունը: Նախարարը հանդես եկավ ողջույնի խոսքով: « Ողջունում եմ Եվրոպական միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինասնավորմամբ Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համընկերությամբ իրականացվող՝ «Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այսօր մենք ներկա ենք մեր հայրենակիցների, պատերազմից մազապուրծ, հայրենիքում իրենց տունը վերագտած սիրիահայ եղբայրների և քույրերի բարօրությանը, բարեկեցությանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված ևս մի կարևոր ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:»,-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիացի փախստականների և հատկապես սիրիահայերի հիմնախնդիրները և վերջիններիս աջակցության, հասարակական ինտեգրման հիմնահարցերն այս միջոցառմանը ներկա բոլոր կառույցների և կազմակերպությունների գործունեության առաջնահերթություններից են: Ծրագիրը կտևի 36 ամիս՝ 2018 թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի հունիս ամիսը:

Նմանատիպ նյութեր