211652_close_icon
views-count2989 դիտում article-date 15:57 18-07-2018

Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայկական շախմատը. հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարակել է նոր տեսանյութ

Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով նախօրեին ողջ աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին, այս անգամ հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով մեկ րոպեանոց տեսանյութ, որի առանցքում շախմատն է: «Հայաստանի նման վայրերն ինձ հույս են տալիս, որ կլինի աշխարհ, որտեղ ամեն ոք կարող է դառնալ լավագույնն այն ոլորտում, որը սիրում է… և այդ ամենն ի շնորհիվ կրթության»,-«[url=https://armenpress.am/arm/news/941150.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` գրել է բլոգերը: Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շախմատ խաղացող բազմաթիվ երեխաներ: «Հայաստանում ես ապշած էի՝ տեսնելով, որ մաթեմատիկայի ու գիտության կողքին երեխաները նաև շախմատ են սովորում»,- նշել է բլոգերը՝ ընդգծելով, որ հատուկ հարմարեցված դասասենյակներում իրականացվող ուսուցումը երեխաներին սովորեցնում է ճիշտ կենտրոնանալ ու զարգացնել մտավոր ունակությունները: «Շախմատի հարցում Հայաստանն աշխարհում լավագույն երկրներից է»,- նշում է: Նախքան տեսանյութի հրապարակումը՝ բլոգերը «Instagram»-ում հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Շատ քաղաքական գործիչներ խոսում են միայն քաղաքականության մասին: Բայց Հայաստանի նախագահն ուղղակի ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնության կոնյակով բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Նախագահ»,-ասված է գրառման մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր