211652_close_icon
views-count2586 դիտում article-date 17:22 16-07-2018

Արդարադատության նախարարությունը ռազմավարություն է մշակում բանտային համակարգում առկա խնդիրների լուծման համար. նախարար

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասին և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան: Նախարար Զեյնալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել համակողմանի գնահատել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը: Քննարկման թեմայի համատեքստում Նախարարն անդրադարձել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությանը, որը նպատակ ունի բարելավել երեխաների արդարադատության մատչելիության մեխանիզմները, ինչպես նաև բանտային առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին, որի վերջնական նպատակն է բանտային առողջապահությունը ինտեգրել հանրային առողջապահության միասնական համակարգին: Ամփոփելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ քրեակատարողական համակարգում կատարվող բարեփոխումների հիմքում ընկած են նաև ՄԻՊ գրասենյակի զեկույցները և քաղաքացիական հասարակության դիտարկումները, միաժամանակ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը չի փորձում քողարկել քրեակատարողական համակարգում առկա խնդիրները, այլ ջանում է համարժեք մոտեցումներով և առաջնահերթությունները սահմանելով՝ հասնել խնդիրների լուծմանը: Այնուհետև, մասնակիցներին ներկայացվել է «Կանանց և անչափահասների իրավունքների ապահովումը քրեակատարողական համակարգում» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:

Նմանատիպ նյութեր