211652_close_icon
views-count41056 դիտում article-date 14:07 15-07-2018

Երևանի քաղաքապետարանը ունքը սարքելու փոխարեն աչքն է հանել. արտակարգ իրավիճակում հայտնված բնակիչներին օգնության ձեռք են մեկնել «Վեոլիա Ջուր»-ն ու Էրեբունու թաղապետարանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 33 փողոցի բնակիչները չգիտեն, թե երբ է, ի վերջո, իրենց խնդիրը լուծվելու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս փողոցը, ասես, անիծված լինի. էնքան խնդիրներ կան՝ է՛լ ջրամատակարարման, է՛լ ջրահեռացման, աղբահանության ու էլեկտրալարերի վտանգավորության։ Սովետից էս կողմ՝ ասֆալտապատում չէին արել։ Օրեր առաջ արեցին, ուրախացանք, ասեցինք՝ լավ է, մեր փողոցում էլ արև կպավ։ Բայց ու՞մ ա պետք, մի քանի օր հետո փայտե էլկտրասյան տակից ջուրը դուրս է հոսել ու չգիտենք էլ՝ խմելո՞ւ, թթ՞ ոռոգման ջուր է։ Մեռանք քաղաքապետարանի թեժ գիծ ահազանգելով, բայց ոչ մի օգուտ։ Քոփի-փեյսթ արած պատասխանն են անընդհատ ասում՝ ձեր զանգը գրանցել ենք, օպերատիվ խումբը կմոտենա։ Բայց վայ էդ մոտենալուն։ Էդ օպերատիվ խումբը, երևի, Նոյի ագռավն ա. դուրս է եկել քաղաքապետարանից ու չկա։ Ջուրն անխնա հոսելով արդեն ողողել է մի քանի տներ։ Էլ չենք ասում գարշահոտության մասին, քանի որ, մեր կարծիքով, խմելու ու ոռոգման ջրերը խառնվել են իրար։ Մենակ էրեխեքն են ուրախանում, ովքեր ասում են՝ էլ Սևան գնանք, ինչ անենք, հեն ա՝ Սևանն իրա ոտով էկել ա մեր փողոց»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրավիճակի մասին տեղեկանալով՝ օպերատիվորեն ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հանձնարարականով թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները։ Տեղում իրավիճակին ծանոթանալու համար ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արմեն Դեղոյանի գլխավորությամբ։ Փրկարարների կանչով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր տեղում ուսումնասիրելով իրավիճակը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը հայտնեցին, որ նրանք կարող են իրենց գործողություները կատարել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատանքները պետք է կատարեին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, մինչդեռ «Վեոլիա Ջուր»-ն ու Էրեբունու թաղապետարանը բարի կամք դրսևորելով՝ գործի անցան՝ չսպասելով քաղաքապետարանի արձագանքին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում թաղապետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ խնդիրը վերացնելուց հետո նշված հատվածը նորից ասֆալտապատվելու է, և բնակիչները դժգոհության տեղ չեն ունենա։ Այս ամենը իր վերահսկողության տակ է վերցրել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դ. Գրիգորյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր