211652_close_icon
views-count2390 դիտում article-date 21:20 13-07-2018

Արցախի պետնախարարն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13- ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին: Պետական նախարարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետությունում կառույցի մարդասիրական առաքելությունը և ԱՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակը։ Գ. Մարտիրոսյանը հատկապես ընդգծել է 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին ԿԽՄԿ կողմից ծավալված մարդասիրական մեծ աշխատանքը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին այդ գործում ունեցած մեծ ավանդի համար: Նա հայտնել է ԱՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԿԽՄԿ առաքելության ղեկավարը իր հերթին շնորհավորել է պետնախարար Մարտիրոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դ. Չիրոյի խոսքով՝ Արցախի իշխանությունների հետ ձևավորված համագործակցության շրջանակներում իրենց հաջողվել է մեծ ծավալի աշխատանք կատարել հատկապես առողջապահության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների, հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր