211652_close_icon
views-count2241 դիտում article-date 15:22 13-07-2018

Մեկ ամսվա ընթացքում փոփոխվել կամ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 107 որոշում. բարեփոխման ընթացիկ արդյունքները

ՀՀ դատախազությունը շարունակում է իրականացնել այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներով ընդունված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողության պրակտիկայի կտրուկ բարեփոխմանը վերաբերող որոշումների կենսագործումը: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները դատարան ներկայացվեն միայն այն դեպքում, երբ փաստական տվյալներով հիմնավորվում է կալանքի հիմքերի առկայությունը: Բացի դրանից՝ ուշադրություն է դարձվում, որպեսզի խափանման միջոց կալանքի ժամկետների երկարացման դեպքերում ելակետ ընդունվի կալանավորման հիմքերի պահպանման իրական շարունակականությունը, իսկ դրա բացակայության դեպքում նախաձեռնություն ցուցաբերվի խափանման այդ միջոցը փոխելու ուղղությամբ: Խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման դեպքերում դիտարկվում է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը և, հնարավոր ռիսկերի գնահատմամբ, ավելի գործադրելի է դարձվում անձնական երաշխավորության, գրավի կիրառման պրակտիկան: Այս գործընթացներին զուգահեռ ուսումնասիրվում են ընթացիկ բոլոր այն քրեական գործերը, որոնցով մեղադրյալների նկատմամբ կալանքը կիրառվել է որպես խափանման միջոց: Եվ բոլոր այն դեպքերույմ, երբ պարզվում է, որ մեղադրյալների կալանավորումը կամ կալանավորման ժամկետի երկարացումը լիովին չի համապատասխանում դատախազության կոլեգիայի որոշումներով սահմանված չափանիշներին, քննարկվում է խափանման միջոցի փոփոխության հարցը: Չնայած միջոցառումները շարունակվում են, սակայն արդեն իսկ շոշափելի են դրանց միջանկյալ արդյունքները: Մասնավորապես կոլեգիայի նիստից հետո, անցած ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և տարածքային ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործերով արդեն իսկ մեղադրյալների կամ ամբաստանյալների վերաբերյալ կայացվել է կալանավորումը անազատության հետ չկապված այլ փոխանման միջոցով փոխարինելու մասին ընդհանուր 107 որոշում: Դրանցից 65-ը կայացվել է դատական քննության, իսկ 42-ը՝ նախնական քննության ընթացքում: Բացի նշվածից, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու) հատկանիշներով քննվող քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 243 որոշում: Արդյունքում, փաստորեն, թվով 243 քաղաքացիներ հնարավորություն են ստացել օրենքով սահմանված կարգով լուծել պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորության հետ կապված խնդիրները: Քանի որ խափանման միջոցների կիրառման պրակտիկայում տեղի ունեցող բարեփոխումներից ածանցվում են նաև քրեական գործերով քննության անխոչընդոտ ընթացքի հնարավոր ռիսկեր, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական ներգործության գործիքակազմով ապահովել, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կիրառվում է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, խիստ հսկողություն իրականացվի մեղադրյալների պատշաճ վարքագծի դրսևորման, այդ խափանման միջոցների պայմանների պահպանման նկատմամբ: Իսկ խախտման ցանկացած դեպքի մասին վարույթն իրականացնող մարմնի իրազեկ լինելու դեպքում պետք է անհապաղ քննարկվի կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նաև այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Միաժամանակ, ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկատվության՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարներում գտնվել է 3436 անձ, որոնցից 1330-ը՝ նախնական կալանքի տակ գտնվող անձինք, իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 3290 (146-ով պակաս) անձ, որոնցից 1228-ը (102-ով պակաս)՝ նախնական կալանքի տակ գտնվողները: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր