211652_close_icon
views-count4917 դիտում article-date 14:48 13-07-2018

Վեոլիա Ջուրը հիշեցնում է «իրավագետներին». Քաղաքացիական օրենսգիրքը դեռ գործում է

Ի պատասխան lragir.am-ի «Ինչ ապօրինություններ է կատարում Վեոլիա Ջուր ընկերությունը» հրապարակման, ներկայացվում է Վեոլիա Ջրի պարզաբանումը. Վերջին օրերին մեր հանրապետությունում տիրող աննախադեպ շոգն ու տապը լրջորեն խաթարեցին մայրաքաղաքի բնակիչների բնականոն կենցաղը: Վեոլիա ջուրն արդեն պարզաբանել է ջրամատակարարման ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառներն ու ձեռնարկած միջոցների շնորհիվ վերականգնել ջրամատակարարման գործող ռեժիմը: Արվում է հնարավորինս համակարգի աշխատանքի վրա տեխնիկական կամ եղանակային գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բնական է, եթե սպառողը չունի ջուր կամ բարձրարած հարցերին չի ստանում գոհացուցիչ պատասխան՝ պետք է բողոքի: Բայց ինչպես կոչես նրանց, ովքեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, սոցիալական ցանցերով տարածում են «հավաստի» լուրեր, շիկացնում են մթնոլորտը, փորձ են անում ընկերության գործունեությունը ներկայացնել այլ, իրականության հետ որևէ առնչություն չունեցող հարթությունում: Դե իսկ բնակիչներին էլ տալիս են այնպիսի «բարեկամական խորհուրդներ», որոնք ուղղակի հակասում են օրենսդրությանը: Այսպես, lragir.am-ին իր կայքում հրապարակել է «Ինչ ապօրինություններ է կատարում Վեոլիա Ջուր ընկերությունը» վերտառությամբ հարցազրույցը ոմն «ԳԱԱ իրավագետ» Տիգրան Սարգսյանի հետ, որում վերջինս իրավագետին ոչ հարիր, փողոցային բառապաշարով՝ որպես վերջին ատյանի ճշմարտություն, ընթերցողներին է ներկայացնում շրջանառվող բամբասանքները և «փայլեցնելով» իր երևակայությունը՝ խորամիտ դատողություններ անում ազգային անվտանգության ու Վեոլիա Ջրի օգնությամբ թուրքական դիվերսիայի մասին, հանրության մի ստվար մասի էլ ձեռաց պիտակելով որպես «հարիֆներ»: «ԳԱԱ իրավագետն» իր հարցազրույցում չի բավարարվում հերթապահ հայտարարությամբ՝ ընկերության համակարգում ծաղկող կաշառակերության ու փողով լողավազաններ լցնելու մասին: Նա ավելի հեռուն է նայում: Եւ տեսնում է ընկերության կողմից «քաղաքացիների վրա հարուցված 648 վարչական վարույթի»-ի ողջ անօրինականությունը, առանց դույզն իսկ կասկածելու, որ ընկերությունը վարչական մարմին չէ և վարչական վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված չէ: Տաքացած, նա անցնում է հաջորդ քայլին ու կոչ անում չվճարել նաև Երևան Ջուր ՓԲԸ ունեցած պարտքերը: Առաջ շարժվել այս ուղղությամբ, սույն անձնավորությունը առանց քաշվելու մեղադրում է ջրամատակարար կազմակերպությանը «ջրի գինը բարձրացնելու» մեջ, պատկերացում անգամ չունենալով, որ մատուցվող ծառայությունների սակագները սահմանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Եւ այսպես շարունակ: Ակամա հարց է առաջանում. իսկ գիտակցո՞ւմ է արդյոք մեր չափի զգացումը կորցրած «իրավագետը», որ նման կոչերը կարող են նաեւ հետեւանքներ ունենալ: Հայհոյել ու վատաբանել անպատիժ ոչ ոքի չի թույլատրվում: Նման իրավական խեղճության ֆոնին ստիպված ենք հիշեցնել նրան ու նրա նմաններին (փորձագետ, մասնագետ, բնապահպան, իրավունքների պաշտպան, իրավաբան ու փաստաբան եւ այսպես շարունակ), ովքեր այսօր մեյդան են դուրս եկել, որ թերարժեքության բարդույթից ձերբազատվելու լավագույն միջոցը Վեոլիա Ջրին քննադատելու մեջ վարժվելն ու մրցելը չէ, եւ որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չեղյալ չի հայտարարվել: Իսկ համաձայն վերջինի 12-րդ հոդվածի 1-ին մասի՝ Քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում: Նույն օրենսգրքի 1058- րդ հոդվածի 1-ին մասով էլ՝ Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Զարմանալի է, որ ՀՀ ԳԱԱ-ն անհաղորդ է մնում իրեն տվյալ կառույցի աշխատակից ներկայացնող անձնավորության նմանօրինակ, թող թույլ տրվի ասել, իրավապաշտպան գործունեությանը: Թեկուզեւ իր բարի համբավը վարկաբեկումից զերծ պահելու համար: Հա, ի դեպ, սույն պարոնը խոսում է նաև ջրատարների վրա առաջացած վթարները 20 րոպեում վերացնելու իր հնարավորության մասին: Օգտվելով առիթից, հրավիրում ենք նրան իր գիտելիքները կիրառել պրակտիկայում: Վթարներ ունենք՝ որքան ցանկանաս ու ինչպիսին ցանկանաս, ու ամեն օր: Բահն ու քլունգը՝ մեր կողմից: Առավել եւս, որ ֆիզիկական աշխատանքը թարմ օդում նպաստում է սեփական անձի իսկական արժեքն իմանալուն: [b]Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր