211652_close_icon
views-count4539 դիտում article-date 10:43 13-07-2018

Երբ հեղափոխության առաջնորդների մեջքից թևեր են աճում, նրանք թռչում են ու հեռանում իրականությունից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, անկասկած, դրական երևույթ է: Նախորդ իշխանությունը շատ էր լճացել, մեծամտացել, չափից դուրս «արխային» էր, որ երբեք չի փոխվի, կորցրել էր կապը իրականության հետ, չէր զգում հասարակական տրամադրությունները: Կյանքի՝ նման ոչ ադեկվատ ընկալումը, ի վերջո, կարող է նաև վտանգավոր լինել՝ մանավանդ հաշվի առնելով մեր երկրի արտաքին մարտահրավերները: (Հատուկ չեմ խոսում ենթադրյալ հանցագործությունների մասին՝ հարգելով անմեղության կանխավարկածը): Սակայն այն հանգամանքը, որ հեղափոխությունն, ընդհանուր առմամբ, բարիք էր Հայաստանի համար, չի նշանակում, որ դրա իրականացումից երկու ամիս անց պետք է դնել, փոխաբերական իմաստով, այդ հեղափոխության «բրոնզաձույլ արձանը»: Երևի այդ հարցում չարժե շտապողականություն դրսևորել և հեղափոխության «կանոնիզացիայի», դրա շուրջ պաշտոնական քարոզչական առասպելաբանություն հյուսելուց առաջ պետք է, հավանաբար, գոնե առաջին մոտեցմամբ գնահատել դրա դրական հետևանքները: Խորհրդային Հայաստանի հեղափոխության թանգարանում առանձնապես «մասունքներ» չկային՝ Մոսկվայից ուղարկած հրահանգ-հեռագրեր, այստեղից «կենտրոն» գնացած զեկուցագրեր, լուսանկարներ, նշանավոր հեղափոխականների գործունեության մասին պատմող փաստաթղթեր: Մոսկվայում և Լենինգրադում համանման թանգարաններում ցուցադրությունն ավելի հարուստ էր՝ ընդհուպ մինչև Լենինի կեպկան (առանց որևէ մակագրության) և մանրակերտը այն հյուղակի, որտեղ հեղափոխության առաջնորդը, ըստ պաշտոնական առասպելաբանության, ապրել էր Ֆինլանդիայում՝ գրելով ապրիլյան թեզիսները: Նոր Հայաստանում պաշտոնական «կանոնիզացիայի» և «մասունքների» ժամանակն առայժմ չի եկել: Կցանկանայի, որ այն որքան հնարավոր է՝ ուշ գար, որովհետև երբ հեղափոխության առաջնորդների մեջքից թևեր են աճում, վտանգ կա, որ նրանք թռչելու են և այդպիսով դարձյալ հեռանալու են իրականությունից: Այնպես որ, առաջարկում եմ գոնե կես տարով հետաձգել «հեղափոխության մասունքների» ցուցադրության որոշման իրականացումը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր